Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր ներկայացուցիչ Ռաուլ Խաջիմբան։
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալներով՝ Ռաուլ Խաջիմբան հավաքել է ձայների 50.57 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից, անվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիան՝ 35.91 տոկոսը։
Նախագահական ընտրություններին զուգահեռ Աբխազիայում ընտրում էին նաև փոխնախագահ. այդ պաշտոնում հինգ տարի ժամանակով ընտրվել է վետերանների «Արուա» կազմակերպության նախագահ Վիտալի Գաբնիան։
РБК լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2001-2002 թվականներին Խաջիմբան եղել է փոխվարչապետ, 2002-2003 թվականներին՝ պաշտպանության նախարար, 2004-ից ընտրվել է փոխնախագահ։ 2011 թվականից Խաջիմբան արդեն ընդդիմության առաջին շարքերում էր և նրանց հաջողվեց հասնել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականին: