Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի Արտաքին գործերի նախարարի մակարդակով:
Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարի մասնակիցների հարցերին:
Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, այցելելով «Միասին» երիտասարդական շարժման կողմից արդեն վեցերորդ տարին կազմակերպվող կրթական ֆորումի վրանային ճամբար, Սերժ Սարգսյանը շրջել է ճամբարի տարածքում, զրուցել ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին և առօրյային, այնուհետև պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են երկրի արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, երիտասարդության հարցերին, պաշպանությանը և մի շարք այլ թեմաների:
Մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, դրանց հեռանկարին, այդ հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշմանը վերաբերող հարցի կապակցությամբ նախագահը նշել է, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը: Ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա նաև, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը:
Իսկ «Ե՞րբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը» հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դժվարանում է ասել. նա ընդգծել է՝ Հայաստանի ցանկությունն է, որ այն օր առաջ բացվի: