Հայաստանում զբոսաշրջության «դինամիկ» աճ է արձանագրվել

Տաթևի ճոպանուղին, արխիվ

Նախորդ տարվա առաջին 6 ամիսների համեմատ այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 17.3 տոկոսով։ Ըստ այդմ՝ Հայաստան է այցելել շուրջ 496 հազար զբոսաշրջիկ: Այս տեղեկությունները «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Զբոսաշրջության վարչության պետի խոսքով, աճը պայմանավորված է պետական մարմինների, ինչպես նաև մասնավոր հատվածի կատարած ներդրումներով և միջազգային համագործակցությամբ: Վերջին տարիներին նաև ծառայությունների որակն է բարձրացել, Հայաստանը ավելի ճանաչելի է դարձել զբոսաշրջության միջազգային շուկայում, հավելում է պաշտոնյան:

«Նաև մեզ մոտ բարձր մակարդակի վրա անվտանգությունը, հանրային առողջությունը: Այս բոլոր գործոններով պայմանավորված՝ մեզ մոտ ամեն տարի զբոսաշրջությունը աճ է արձանագրում և բավականին դինամիկ: Նաև ներքին շուկայում մեզ մոտ ժողովուրդը արդեն ավելի շատ է տեղյակ դառնում մեր հանգստավայրերից, դրա հնարավորություններից և ներքին տուրիզմը նույնպես դինամիկ աճում է», - ասում է Մեխակ Ապրեսյանը:

Հայաստան այցելողների 60 տոկոսը, ոլորտի պատասխանատուի խոսքով, սփյուռքահայեր են, սակայն ավելանում է նաև օտարերկրացիների թիվը: Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ գալիս են Ռուսաստանից, երկրորդ տեղում Վրաստանն է, ապա հաջորդում են եվրոպական երկրները, Իրանը և Միացյալ Նահանգները: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին, Ապրեսյանը հիմնական մատնանշում է ենթակառուցվածքների ոչ բավարար զարգացած լինելը:

«Հիմնականում այսօր ավելի կարևոր խնդիր է ճանապարհների կահավորման խնդիրը՝ տեղեկատվական վահանակներով, համայնքային նշանակության ճանապարհները, դեպի զբոսաշրջության վայրեր տանող երկրորդական ճանապարհները», - նշեց նա:

Ոլորտին հատկացվող ֆինանսները դեռևս բավարար չեն, եթե համեմատենք այլ երկրների համանման ցուցանիշների հետ: 2014ին իրականացվող ծրագրերի համար հատկացվել է 75 մլն դրամ, ինչը բավարար չէ Հայաստանը արտասահմանում գովազդելու, տարբեր երկրներում մեր մշակույթը ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է ներքին տուրիզմին, «Ազատության» հետ զրույցում քաղաքացիները առավելապես նշում են, որ Հայաստանում հանգստանալը մատչելի չէ: Այդ իսկ պատճառով շատերը նախընտրում են հարևան Վրաստանը: Ապրեսյանը մինչդեռ համաձայն չէ նման կարծիքների հետ, նրա պնդմամբ Հայաստանում մի շարք ծառայություններ և հյուրանոցներ շատ ավելի էժան են, քան օրինակ նույն Վրաստանում:

Նշենք, որ 2013-ի տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հատել է 1 միլիոն սահմանը։