Հաշվապահները հույս ունեն, որ նախարարությունն իր վրա կվերցնի թերի աշխատանքի պատասխանատվությունը

«Դեմ եմ» նախաձեռնությունը բողոքի երթ է անցկացնում Ազգային ժողովի դիմաց, արխիվ

Նրանք սոցիալական պարտադիր վճարներից հրաժարվելու դիմումները էլեկտրոնային հաշվետվությանը կից ներկայացնելու համար ընդամենը մեկուկես օր ժամանակ են ունեցել։

Մի խումբ հաշվապահներ, ովքեր ժամանակի սղության և Ֆինանսների նախարարության ծրագրերի տեխնիկական խափանման պատճառով, թերի հաշվետվություն ներկայացրեցին ֆինանսների նախարարություն, հույս ունեն, որ իրենց ընկերությունները տույժ-տուգանքների չեն ենթարկվի, և պետական այս կառույցը թերի աշխատանքի պատասխանատվությունը իր վրա կվերցնի։

Խնդիրն այն է, որ հաշվապահները աշխատակիցների՝ սոցիալական պարտադիր վճարներից հրաժարվելու դիմումները էլեկտրոնային հաշվետվությանը կից ներկայացնելու համար ընդամենը մեկուկես օր ժամանակ ունեին․ սահմանված ժամկետը օգոստոի 15-20 էր, սակայն, տեխնիկական խնդիրների պատճառով, ծրագիրը գործել է միայն օգոստոսի 19-ից և հաշվետվությունների ընդունումը տեղի է ունեցել մինչև հաջորդ օրը ժամը 15-ը:

Հաշվապահ Շողեր Բաբայանին մի կերպ է հաջողվել ամբողջությամբ ներկայացնել իր ընկերության հաշվետվությունը, սակայն գործընկերների բողոքներից, այդուհանդերձ, զերծ չի մնացել։

«Մարդիկ ստիպված են եղել հաշվետվությունը մինչև 20-ը գոնե ուղարկեն, թերի ձևով, որպեսզի տույժ-տուգանքների տակ չընկնեն», - ասաց Բաբայանը։

Ծրագիրը նոր է, և, փաստորեն, հաշվապահներն անգամ ժամանակ չեն ունեցել ուսումնասիրել այն․ տեխնիկական լուրջ խնդիր կա նաև այն դեպքում, եթե աշխատողը հուլիսին աշխատանքից դուրս է եկել․ նոր էլեկտրոնային հաշվետվության մեջ դժվար է գտնել այդ մարդու տվյալները և դա նոր խառնաշփոթ ու նոր խնդիրներ է առաջացնում:

«Հիմա գալիս է ծրագրում դիմում ներկայացնելու պահը, այդ աշխատակցի անվանումը չկա դիմումների ցանկում, ի՞նչ պետք է անի գործատուն։ Այս ահազանգերից հետո 19-ի երեկոյան նոր այդ խնդիրն ինչ-որ չափով լուծվել է։ Բայց երեկ մենք տեղեկացանք, որ բազմաթիվ կազմակերպություններ էլի այդ դիմումները չեն կարողացել ուղարկել՝ հենց հուլիսին ազատված աշխատողների դեպքում։ Գործատուները այդ հաշվետվությունները ստիպված են եղել հաշվարկված էդ սոցիալական վճարով ուղարկել, որպեսզի ամսի 20-ից հետո տույժ-տուգանքների տակ չընկնեն. հիմա այդ պարտքերը, այդ գործատուների վրա է։ Ուղղակի հիմա պետք է թույլ տան այդ գործատուներին, որպեսզի իրենք կարողանան ճշտված հաշվետվություն ներկայացնել, քանի որ համակարգն այս մասով թույլ չի տալիս ճշտված հաշվետվություն ներկայացնել», - ասաց Բաբայանը։

«Ազատությանն» առայժմ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ Ֆինանսների նախարարությունից։ Խնդիր պարզաբանելու նպատակով նախարարություն են դիմել նաև մի խումբ հաշվապահներ։ Նրանց էլ նախարարությունից փոխանցել են, որ համապատասխան մասնագետներն արձակուրդում են:

Նախարարության թեժ գծի օպերատորը, այդուհանդերձ,«Ազատությանը» փոխանցեց, որ անհանգստանալու կարքի չկա, և եթե կան որոշակի թերություններ, ապա հաշվապահները կարող են այդ խնդիրները վերանայել:

Իրավաբան Սուրեն Պարսամյանն «Ազատության» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ յուրաքանչյուր դեպքում քաղաքացին չի կարող տուժել ոչ իր թույլ տված սխալի պատճառով, և եթե պետական կառույցները խնդիր առաջացնեն, ապա միանշանակ է, որ պետք է, թեկուզ դատական կարգով, պայքարել այդ խնդրի դեմ:

«Այսինքն՝ առաջացած տեխնիկական, կազմակերպչական խնդիրներով մարդու իրավունքներին վնաս հասցնելը չի կարող արդարացվել, հետևաբար, մենք պետք է շարունակենք բոլոր հարցերը լուծել: Մենք դժգոհ քաղաքացի չպետք է ունենանք այս դեպքում»,- փոխանցեց իրավաբանը։

Այս խնդրից զատ, «Դ!եմ եմ» շարժումը առաջիկայում կբարձրաձայնի նաև մեկ այլ հարց, որը նույնպես անհանգստության պատճառ է դարձել քաղացիների մի զգալի խմբի համար. պարտդիր սոցիալական վճարից հրաժարվելու դիմումը այսօր նախարության ներկայացնելիս 1974թ.-ին և դրանից հետո ծնված քաղաքացին ի գիտություն է ընդունում, որ 2017թ-ի հուլիսից «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» նոր օրենքը տարածվելու է նաև իր վար:

Խնդիրը զայրացրել է այն քաղաքացիներին, ովքեր չեն պատրաստվում, անգամ երեք տարի անց, մտնել այս համակարգի մեջ և կարծում են, որ պետական այրերը հերթական ծուղակն են պատրաստել:

«Մենք չենք հանձնվելու, հետևաբար, ինչպես հիմա չենք մուծում, այնպես էլ 2017 թվականին մենք չենք մուծելու»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Արմեն Աբրոյանը։

Նախաձեռնությունից փոխանցեցին, որ առաջիկայում թեժացնելու են պայքարը՝ ընգծելով, որ արդեն հաջորդ շաբաթ պատրաստվում են «Թումո» կենտրոնում հանրային ֆիլմի դիտում կազմակերպել և այնուհետև քննարկում անցկացնել:

Հիշեցնեքն՝ նախորդ նմանատիպ փորձը կնքվեց անհաջողությամբ․ «Թումո» կենտրոնի ղեկավարությունը պազրապես անջատել էր տարածքի էլեկրաէներգիան: Այս անգամ «Դ!եմ եմ»-ում ասում են՝ նույնիսկ հովհարային անջատումը չի կարող խոչընդոտ դառնալ:

«Ինչ լինի, մենք դրան էլ ենք պատրաստ. մենք ունենալու ենք բենզինով գեներատոր, որը դրանից կապահովագրի»,- փոխնցեց Աբրոյանը։