Շարունակվում են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքները

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղի՝ Երևան-Արարատ հատված

Շարունակվում են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Երևան-Արտաշատ Երևան-Աշտարակ և Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները։

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում արդեն կատարվում է կարալցում, ջրահեռացման համակարգերի տեղադրում, կամրջային կառույցների հատվածներում՝ ասֆալտապատում։

Տրանսպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ շոգ եղանակի պատճառով աշխատանքներն ընթանում են երեկոյան և գիշերային ժամերին։

Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում բետոնապատման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հոկտեմբերի երկրորդ կեսին, իսկ Երևան-Աշտարակ ճանապարհահատվածը՝ հոկտեմբերի առաջին կեսին:

Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում իրականացվում են հողային աշխատանքներ (հանույթ, լիցք, պայթեցում), հնագիտական պեղումներ և հողօտարումներ։

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ, առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաև այս հատվածներում տեղակայված կամրջային կառույցները։