Ռուսաստանի մարդասիրական օգնության բեռնատարները առանց Ուկրաինայի իշխանությունների թույլտվության մտան Ուկրաինա:
«Ռոյթերզը» պնդում է, որ մոտ 7 տասնյակ բեռնատարներ հատել են սահմանը: Նրանց ուղեկցում են ռուսամետ զինյալ անջատականներ: Կարմիր խաչը հրաժարվել է ուղեկցել բեռը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ հարցի արհեստական ձգձգումներն արդեն անտանելի են դառնում:
«Ռուսական կողմը գործելու որոշում է ընդունել: Հումանիտար օգնության մեր ավտոշարասյունը շարժվում է Լուգանսկի ուղղությամբ», - ասել էր նա:
Նշենք, որ մարդասիրական ավտոշարասյան 280 բեռնատարները մեկ շաբաթ կանգնած էին ռուս-ուկրաինական սահմանին բեռները ստուգելու և սահմանը անցնելու թույլտվություն ստանալու համար:
Ուկրաինայի իշխանությունները մտավախություն ունեն, որ մարդասիրական օգնության քողի տակ Ռուսաստանը կարող է զենք-զինամթերք մատակարարել Լուգանսկի և Դոնեցկի ռուսամետ անջատականների զինված խմբերին: