Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման մի քանի տասնյակ այլ պետությունների ղեկավարների շարքում հրավիրված են Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 28-ին կայանալիք երդմանակալության արարողությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը, նշելով, որ ըստ Թուրքիայի արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ թե՛ Միացյալ Նահանգների, և թե՛ Ռուսաստանի նախագահները Անկարայում կազմակերպվող հանդիսավոր միջոցառմանը չեն մասնակցի՝ փոխարենը բարձրաստիճան պաշտոնյաներից ու դիվանագետներից կազմված պատվիրակություններ ուղարկելով Թուրքիա:
Թուրքական մամուլը նկատում է, որ սա առաջին դեպքը կլինի երկրի պատմության մեջ, երբ նախագահի երդմնակալության արարողությունը կազմակերպված է լինելու մեծ շուքով:
«Նախկինում, երբ նախագահներին խորհրդարանն էր ընտրում, նրանց երդման արարողությանը մեծ ուշադրություն չէր դարձվում», - գրում է Zaman-ը՝ հավելելով, որ նույնիսկ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների բացակայության պայմաններում պետություններից ղեկավարների պակաս Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ չի զգացվի:
«Ակնկալվում է, որ արարողությանը ներկա են լինելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ղեկավար Դերվիշ Էրօղլուն: Անկարա կժամանեն Պարսից ծոցի մի շարք պետությունների ղեկավարներ, ինչպես նաև նախագահներ նախկին խորհրդային հանրապետություններից: Մասնավորապես, ակնկալվում է, որ արարողությանը ներկա կլինի Ղրղըզստանի նախագահ Ալմազ Աթանբաևը: Վերջինն, ի դեպ, ուղեկցում էր Էրդողանին օգոստոսի 11-ին՝ նրա ունեցած առաջին հետընտրական ելույթի ժամանակ», - գրում է թուրքական թերթը:
Եվ քանի դեռ Էրդողանի շրջապատը պատրաստվում է օգոստոսի 28-ին կայանալիք երդմնակալության արարողությանը, թուրքական ընդդիմությունը խոսում է վարչապետի կողմից թույլ տրված նոր օրինախախտումների մասին: Այսպես՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը երեկ երեկոյան դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և կառավարության պաշտոնաթերթի՝ Resmi Gazete-ի:
«Պաշտոնաթերթը Կենտրոնական ընտրական հանձնաժողվից օգոստոսի 10-ին կայացած ընտրությունների պաշտոնական արդյունքները ստացել է դեռ օգոստոսի 15-ին, սակայն մինչ օրս չի հրապարակել դրանք: Թուրքական ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն այն պահին, երբ քվեարկության պաշտոնական արդյունքները հայտնվում են պաշտոնաթերթի էջերում նախագահ ընտրված անձը պետք է հրաժարական ներկայացնի բոլոր կառավարական ու կուսակցական պաշտոններից», - հայտարարում էր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին՝ հավելելով, թե արդյունքների հրապարակման նման արհեստական ձգձգումը նպատակ ունի նպաստել Էրդողանի ներքաղաքական ծրագրերի անխափան իրագործմանը:
Նման անօրինական գործողությունները վարկաբեում են թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և թե՛ թուրքական հանրապետության պաշտոնաթերթը: Կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմել հստակ իրավական և վարչական գործողությունների՝ ստեղծված իրավիճակը շտկելու համար», - հայտարարեց Բահչելին:
Առաջին հայացքից աննշան թվացող իրավական այս դետալը սակայն մեծ կարևորություն ունի թուրքական ներքաղաքական զարգացումների տեսանկյունից: Թուրքական ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ Էրդողանի շրջապատը արհեստականորեն է ձգձգում նրա հեռացումը կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնից՝ ներկուսակցական անցանկալի զարգացումներից խուսափելու և իշխող քաղաքական ուժի ներսում գործող ընդդիմախոսներին՝ նախևառաջ Աբդուլա Գյուլին և նրա կողմնակիցներին չեզոքացնելու նպատակով:
Պաշտոնից հեռացող նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ հարազատ կուսակցություն, ինչը որոշակի անհանգստություն է առաջացրել «Արդարություն և զարգացում» կուսակցության էրդողանական թևում: Այս ներկուսակցական խմբավորումը անում է հնարավորը, որպեսզի կուսակցության արտահերթ համագումարը կայանա մինչև նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը, ինչը կբացառի Գյուլի հնարավոր պայքարը առաջնորդի թափուր մնացած պաշտոնի համար: Ակնկալվում է, որ Թուրքիայի իշխող կուսակցության արտահերթ համագումարը կայանալու է օգոստոսի 27-ին՝ Էրդողանի երդմնակալության արարողությունից հաշված ժամեր առաջ: