«Հայաստանի և Վրաստանի կառավարական պատվիրակությունների հանդիպման ժամանակ վիզային ռեժիմի հարց չի քննարկվել», - «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
«Հայաստանի և Վրաստանի կառավարական պատվիրակությունների հանդիպման ժամանակ վիզային ռեժիմի հարց չի քննարկվել», - «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Վրացական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, մինչդեռ, այդ հարցը հայ-վրացական բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը պետք է դառնար:
Սեպտեմբերի 1-ից 90 օրից ավելի Վրաստանում մնալ ցանկացող բոլոր օտարերկրացիները, անկախ այցի բնույթից, պետք է համապատասխան վիզա ստանան իրենց երկրում գործող Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից կամ հյուպատոսական ծառայությունից։
Նշեմ, որ կառավարական պատվիրակությունների հանդիպումից հետո երկու երկրների կառավարությունների ղեկավարները լրագրողների համար արված հայտարարության ժամանակ նույնպես չանդրադարձան վիզային ռեժիմի հարցին:
«Իրականում դա որևէ լուրջ խոչընդոտ չի կարող լինել, որովհետև խոսքը վերաբերում է միմիայն երկրում երկարաժամկետ լինելուն երկրում: Վստահեցնում եմ ձեզ, որ ինքնին որպես հարց սուր դրված չէ այսօր», - վստահեցրեց Հարությունյանը:
Տրանսպորտային շրջափակման պայմաններում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների հետ ընդհանուր սահման չունեցող Հայաստանի համար Վրաստանը միակ տարանցիկ երկիրն է։ Բազմաթիվ ապրանքներ, այդ թվում՝ ռազմավարական նշանակության, աշխարհի տարբեր երկրներից այսօր էլ Հայաստան են հասնում Վրաստանի սևծովյան նավահանգիստներից՝ Փոթիից և Բաթումիից:
Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, թե տասն օրից Վրաստանում ուժի մեջ մտնող վիզային ռեժիմը տարանցիկ հոսքերի վրա չի ազդի։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կարծիքով՝ եվրասիական և եվրոպական ուղղությունները նույնիսկ կարող են իրար փոխլրացնել․ - «Երկու վարչապետներն էլ արտահայտեցին իրենց միտքը, որ պետք է փորձեն օգտագործել այս հնարավորությունը՝ խթանելու տնտեսությունը»:
Վրաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Երևան մեկնարկեց կեսօրից հետո: Իրակլի Ղարիբաշվիլին նախ դեմ առ դեմ հանդիպեց Հովիկ Աբրահամյանի հետ, ապա երկու երկրների վարչապետերը բանակցությունները շարունակեցին կառավարությունների ներկայացուցիչների ընդլայնված կազմով։ Դրանից հետո Աբրահամյանն ու Ղարիբաշվիլին լրագրողների համար արված հայտարարությամբ ամփոփեցին բանակցությունների արդյունքները:
Լարսի հատվածում սողանքի հետևանքով վնասվել է Ռուսաստանից Հայաստանի մտնող գազատար խողովակը: Ղարիբաշվիլին հայտարարեց, որ գազատարը կվերականգնվի 2-3 օրվա ընթացքում։
Հովիկ Աբրահամյանը վրացի գործընկերոջը փոխանցեց գազատարի վերականգման աշխատանքներին մասնակցելու՝ հայկական կողմի պատրաստակամությունը․ - «Իմ գործընկերոջն առաջարկեցի Հայաստանի համապատասխան ծառայությունների աջակցությունը»:
Վրաստանի վարչապետի խոսքով, այս տարվա 6 ամիսներին Հայաստանն ու Վրաստանը 42 տոկոսով ավելացել են ապրանքաշրջանառությունը։
«Ի վերջո Հայաստանը կամուրջ է նաև դեպի Իրան, Իրանը դա շատ մեծ շուկա է: Վրաստանը մեզ համար կամուրջ է դեպի Ռուսաստան: Մենք պետք է մտածենք տրանսպորտային մեր կոմունիկացիաները կարգի բերելու հարցի շուրջ», - ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա հավելեց, որ Հայաստանը ծրագրում է վարկային միջոցների հաշվին հզորացնել էլեկտրահաղորդման գծերը, ինչը կարող է էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման լավ հնարավորություն լինել․ - «Մինչև 2018 թվականը վարկային միջոցների հաշվին մենք փորձելու ենք մեր բարձրավոլտ գծերը ավելի հզորացնել: Եվ եթե այսօր հնարավորություն ունենք 200 մեգավատտի, ապա ենթադրում ենք, որ մինչև 2018 թվականը առնվազն կունենանք 300, բայց ծրագրեր ենք կառուցում 700 մեգավատտ ապահովելու համար»:
Երկու օր առաջ Նախիջևանում Ադբրեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել։ Հարցին, թե արդյոք դա մտահոգում է Հայաստանին, Հարությունյանն արձագանքեց․ - «Անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ, եթե անգամ չկա մտահոգության առարկա, դու միշտ մտահոգվելու տեղ պետք է ունենաս, հատկապես Հայաստանի պայմաններում: Ես կարծում եմ, այս հարցը ոչ թե վարչապետների քննարկմանը ենթակա հարց է․ դա ավելի շատ Անվտանգության խորհրդի քննարկման հարց է»:
Կառավարության աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ Ջավախքի հարց պատվիրակությունների հանդիպման ընթացքում չի քննարկվել:
Վրաստանի վարչապետը Երևանում է երկօրյա այցով: Նրա հանդիպումները Հայաստանի նախագահի և Ազգային ժողովի խոսնակի հետ նախատեսված են վաղը:
Այսօրվա պաշտոնական միջոցառումներից հետո, ըստ Վրաստանի կառավարության կայքի, Ղարիբաշվիլին պետք է այցելեր Մատենադարան, Երևանի կոնյակի գործարան: Երեկոյան նրա պատվին կկազմակերպվի պաշտոնական ճաշկերույթ:
Իրակլի Ղարիբաշվիլին 32 տարեկան է: Մինչև Վրաստանի կառավության ղեկավարի պաշտոնը ստանձնելը 8 տարի աշխատել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ընկերություններում, ապա վերջինիս ղեկավարած կառավարությունում զբաղեցրել է Ոստիկանության և հասարակական կարգի նախարարի պաշտոնը: