ՄՀՀ-ն հանձվեց Պաշտպանության նախարարությանը

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը (ՄՀՀ) պարտքի դիմաց հանձնել Պաշտպանության նախարարությանը` հաշվեկշիռ մուտքագրելով 10 մլրդ 411 մլն 911 հազար դրամ ձեռք բերման արժեքով:

Կառավարությունը հանձնարարել է Պաշպանության նախարարությանը գույքն օգտագործել նպատակային նշանակությանը համապատասխան:

Գործադիրի նիստում որոշման նախագիծը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը. - ««Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության Կառավարության նկատմամբ վարկային պարտքի, ինչպես նաև մի շարք այլ պարտքերի դիմաց Դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից առաջարկվել է, որպեսզի այդ պարտքի դիմաց Ֆինանսների նախարարության կողմից գույքը ընդունվի, գրանցվի սեփականության իրավունքը և փոխանցվի Պաշտպանության նախարարության հաշվեկշռին»:

«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2014 թվականի օգոստոսի 14-ից հայտարարած անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց ավելի քան 10 մլրդ 283 մլն 383 հազար դրամ գնով անշարժ գույքի ընդունման մասին», - ասված է Կառավարության որոշման մեջ:

Հիշեցնենք. ՄՀՀ-ն վեցերորդ անգամ աճուրդի է հանվել օգոստոսի 14-ից, աճուրդի ավարտ է սահմանվել օգոստոսի 25-ը: Մայիսին ՄՀՀ-ի շենքը հարակից տարածքներով առաջին անգամ հանվեց աճուրդի 19 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով: Յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ համալիրի գինը նվազեցվում էր 10 տոկոսով: «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի պարտքը պետությանը կազմում է մոտ 10.2 մլրդ դրամ, այդ պատճառով էլ համալիրը հանվել է աճուրդի: Հուլիսի վերջին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կնքել էր համալիրի դռները:

Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը անհասկանալի է համարում համալիրը Պաշտպանության նախարարությանը հանձնելը․ - «Մի քիչ ավելի տրամաբանական կլիներ, եթե փոխանցվեր Մշակույթի նախարարությանը, բայց ոչ Պաշտպանության նախարարությանը: Իսկ Պաշպանության նախարարությանը փոխանցելը նորից կապված է այն ամեն ինչի հետ, ինչը որ ես բազմիցս արդեն ասել եմ: Այսինքն՝ փակ, գաղտնի աշխատաոճերի, փակ դռներում դատական պրոցեսների հետ: Որը թերևս նորից նույն ձեռագրով շարունակություն է ունենում, և շատ ցավում եմ ես դրա համար»:

Գրիգորյանը ասում է, որ իրենք երբեք էլ չեն ժխտել, որ ընկերությունը պարտք է պետությանը և հիմա էլ պատրաստ են գումարի առկայության դեպքում մարել պարտքը․ - «Բայց, առաջին հերթին, պարտքի հասցեատերը կարծես թե չկա այս երկրում, քանի որ ուղղակի չկա բյուջեում պարտք: 25 միլիոն դոլարը դուրս են թողել այդ բյուջեից․ դա նախկին վարչապետն է արել՝ Տիգրան Սարգսյանը՝ նախկին Ֆինանսների նախարարի հետ միասին: Եվ այսօր չկա այդ գումարը: Ոչ ոք չի փնտրում՝ ո՞ւր է գնացել այդ գումարը»:

Միևնույն ժամանակ, ըստ Գրիգորյանի, մարզահամերգային համալիրը գնահատել են ինչպես սովորական բնակարան Կենտրոն վարչական շրջանում․ - «Ուղղակի հաշվել են կենտրոնում բնակարանը, քառակուսի մետրաժը ուղղակի բազմապատկել»:

Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչը հույս ունի, որ պարտքը մարելու դեպքում համալիրը հետ կվերադարձնեն սեփականատիրոջը․ - «Վերջ ի վերջո մեր ներդրումները շատ ավելի շատ են եղել, քան պարտքի չափը: Անտրամաբանական է: Երկրորդը, այստեղ շատ այլ խնդիրներ կան․ պետությունը ապասեփականացնելուց հետո ստիպված պետք է լինի վճարելու նաև այն ներդրումների համար, որոնց մենք դեռ պարտք ենք: Այսինքն օտարերկրյա որոշ կազմակերպություններից կա ներդրում մոտավորապես 5 մլրդ դրամի չափով, որը նորից օդում է կախված մնում: Ինչպես նաև աշխատողների աշխատավարձը, որի համար Պաշտպանության նախարարությունը դեռ մեզ պարտք է մոտավորապես 60 մլն դրամ երեք միջոցառման համար, որը դեռ չի վճարվել, որից պետք է վճարվեին աշխատողների աշխատավարձերը»:

Կորյուն Գրիգորյանն ասաց, որ չեն դադարեցնելու պայքարը․ - «Դիմելու Եվրադատարան, պայքարելու ենք ամեն հնարավոր միջոցներով իրավական հարթության մեջ»:

Մեր այցելության պահին դեպի Մարզահամերգային համալիրի շենք տանող ճանապարհը հսկում էր ԴԱՀԿ աշխատակիցը, որը վերադասից հրահանգ ստանալով թույլ չտվեց ուղեփակոցից այն կողմ անցնել։