Հայաստանի ու Վրաստանի պատվիրակությունները քննարկել են երկու երկրների միջև միջազգային նշանակություն ունեցող ավտոճանապարհների զարգացման հարցը: Այս մասին երեկ հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառույցների նախարարությունը՝ նշելով, որ ապագայում այդ ճանապարհները առավելագույս կապահովեն տարանցիկ փոխադրումների գործառույթները:
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է Թբիլիսիում կայացած հանդիպմանը, որին վրացական կողմից մասնակցել են տարածաշրջանային զարգացման փոխնախարար Գիորգի Ամաշուկելին և Ավտոճանապարհների դեպարտամենտի ղեկավար Վաժա Պանչուլիձեն, հայկական կողմից՝ տրանսպորտի և կապի փոխնախարար Հարություն Առաքելյանը: