Թուրք վերլուծաբանների համոզմամբ՝ առաջիկա մեկ շաբաթը որոշիչ կլինի Թուրքիայի քաղաքական դաշտի համար: Հենց առաջիկա մի քանի օրերին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պաշտոնապես կհրապարակի իր որոշումը` ով է փոխարինելու նախագահական ընտրություններում հաղթած Ռեջեփ Էրդողանին կառավարության ղեկավարի պաշտոնում:
Թուրքական մամուլի գնահատմամբ՝ երկրի 26-րդ վարչապետի ամենահավանական թեկնածուն 2009 թվականից արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ահմեթ Դավութօղլուն է:
Արտգործնախարարի վերջին օրերի պահվածքը ևս վկայում է, որ նա դեմ չէր լինի զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Շաբաթասկզբին Դավութօղլուն այցելել էր Արտվին քաղաք, որտեղ նրան տեղացիները դիմավորեցին առանց ձևականությունների` «Բարի գալուստ, պարո՛ն վարչապետ» ասելով: Սրան ի պատասխան՝ Ահմեթ Դավութօղլուն միայն նշեց․ - «Ինչպես Աստված կամենա»:
Դավութօղլուի շրջագայությունը երկրի արևելյան շրջաններով ոչ թե աշխատանքային այց էր հիշեցնում, այլ նախընտրական արշավ: Բայբուրդ քաղաքում, օրինակ, Դավութօղլուի պատվին բազմահազարանոց հանրահավաք էր կազմակերպվել:
Վաղն արդեն «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր մարմինը կհրապարակի կուսակցության նոր նախագահի անունը: Օգոստոսի 27-ին էլ` կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում, այդ գործիչը պաշտոնապես կհռչակվի հաջորդ վարչապետ: Դրանից մեկ օր անց` օգոստոսի 28-ին Էրդողանը պաշտոնապես կստանձնի նախագահի պարտականությունները, և ըստ Hurriyet-ի տեղեկությունների՝ արդեն հաջորդ օրը նորընտիր նախագահը կուսակցության նոր առաջնորդին հանձնարարելու է կառավարություն ձևավորել:
Եթե ի վերջո իշխող կուսակցության ընտրությունը կանգ առնի հենց Դավութօղլուի վրա, առաջնահերթ խնդիր է դառնում նաև նոր արտգործնախարարի ընտրությունը: Առաժմ թուրքական մամուլում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեք թեկնածուի անուն է շրջանառվում: Նրանցից ամենահավանականը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Մևլութ Չավուշօղլուն է: Իշխող կուսակցության անդամների շրջանում նաև խոսակցություններ կան, որ հաջորդ արտգործնախարար կարող է նշանակվել Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը:
Չի բացառվում, սակայն, որ իշխող կուսակցությունը երկրի դիվանագիտական կորպուսին անակնկալ մատուցի` արտգործնախարարի պաշտոնում նշանակելով մի մարդու, ով առավելապես հայտնի է ոչ թե արտաքին քաղաքական ասպարեզում, այլ հատուկ ծառայություններում երկարամյա աշխատանքով: Արտգործնախարարի թեկնածուների թվում շրջանառվում է նաև Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության` MIT-ի տնօրեն Հաքան Ֆիդանի անունը: