Սաակաշվիլին Վրաստանի կառավարությանն է ուղարկել կոստյումները և վերարկուն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր զգեստապահարանի պարունակության մի մասն ուղարկել է երկրի կառավարության աշխատակազմին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով Սաակաշվիլիի գրասենյակին:

Ծանրոցում 8 կոստյում է և մեկ վերարկու, որոնք Սաակաշվիլին ձեռք է բերել պետական բյուջեի հաշվին:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրել է բյուջետային միջոցները սեփական կարիքների համար օգտագործելու, մասնավորապես՝ 8 կոստյում և քաշմիրե սպորտային վերարկու ձեռք բերելու մեջ:

Նախկին նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հենց այդ հագուստներն է փոխանցել երկրի ներկայիս կառավարությանը, փոխանցում է վրացական պարբերականը: Ծանրոցի հետ միասին Սաակաշվիլին նաև գրություն է ուղարկել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որում նշված է. - «Այս հագուստը կարող եք օգտագործել ձեր հայեցողությամբ»: