Ալասանիա - Յըլմազ - Հասանով հանդիպում Նախիջևանում

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, արխիվ

Իրակլի Ալասանիան շեշտում է, որ եռակողմ հանդիպումը ուղղված չէ որևէ մեկի դեմ:

Երկօրյա այցով Նախիջևանում գտնվող Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները այսօր եռակողմ հանդիպում են ունեցել: Զաքիր Հասանովը, Իսմեթ Յըլմազը և Իրակլի Ալասանիան առաջին անգամ էին հանդիպում:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանի անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև ռազմական ոլորտի համագործակցության հարցեր:

Մինչև Նախիջևան մեկնելը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ եռակողմ հանդիպում ունենալու գաղափարը Վրաստանինն է եղել՝ ավելացնելով, որ այս նախաձեռնությունը ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ, պարզապես տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության նպատակ է հետապնդում:

Կողմերը նույնիսկ որոշել են տարին երկու անգամ հանդիպել նույն ձևաչափով:

Բանակցություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարը Զաքիր Հասանովը լրատվամիջոցների հետ զրույցում ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են համագործակցության ընդլայնման շրջանակում փորձագետների հանդիպումներ անցկացնել` տարածաշրջանում անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: Հասանովը նաև ավելացրել է, որ նպատակահարմար են գտնում նաև եռակողմ զորավարժությունների անցկացումը: Պայմանավորվել են նաև կազմակերպել դասընթացներ տարածաշրջանի գազի եւ նավթի խողովակաշարերի պաշտպանության հարցերի շուրջ:

Ի պատասխան հարցին, թե ինչու է Վրաստանը որոշել խաղաղություն կերտել տարածաշրջանում առանց հարևան Հայաստանի, և ինչու հենց Նախիջեւանում, վրացի ռազմական փորձագետ Կոբա Լիկլիկաձեն հիշեցրեց դեռևս անցյալ տարի Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը Վրաստան և մեջբերեց Սեյրան Օհանյանի այն խոսքերը, թե «2011-ից Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգանում է դինամիկ»:

«Հայաստանը Վրաստանից սրտնեղելու պատճառներ չունի. եռակողմ այս հանդիպումը հետապնդում է հիմնականում էներգետիկ համագործակցություն», - կարծիք է հայտնում ռազմական փորձագետը: - «Այս հանդիպումը վաղուց է հասունացել, քանի որ այդ երեք երկրներն ունեն համատեղ մի շարք խոշոր էներգետիկ նախագծեր: Թե ինչու է այն տեղի ունենում Նախիջևանում, ես համոզված եմ, որ այդ նախաձեռնության հեղինակը վրացական կողմը չէ: Ադրբեջանը ընտրել է Նախիջևանը՝ երևի հաշվի առնելով Ալիևների հանգամանքը, որ նրանք այնտեղից են..․ Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգին, կարծում եմ, որ քննարկվել են այն հարցերը, որոնց մասին հայտարարել են բաց տեքստով: Համոզված եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսք չի եղել, քանի որ հայտնի է, որ Վրաստանը մշտապես խուսափում է այդ հարցի շուրջ այս կամ այն կողմի օգտին կամ ի վնաս հանդես գալուց»: