Հաշմանդամության կարգը՝ աշխատանքից ազատման պատճառ

Ազգային գրադարանի աշխատակից Ռիտա Նաթանյանը մտավախություն ունի, որ շուտով աշխատանքից զրկվելու է հաշմանդամության առաջին կարգ ունենալու համար:

Երբ Նաթանյանն ուրախ-ուրախ գնացել է, որպեսզի ստանա արդեն բարձրացված՝ 37 հազարից 65 հազար դրամ դարձած աշխատավարձը, կադրերի բաժնի պետն իրեն ասել է, որ սեպտեմբերի 1-ից աշխատանքից ազատված է, որովեհտև նրա հաշմանդամության թերթիկում գրված է, որ նա անաշխատունակ է ու խնամակալի կարիք ունի: Ի դեպ, Ազգային գրադարանում իր աշխատած 36 տարիների ընթացքում Նաթանյանն ասում է, թե որևէ մեկը չի հիշել, թե ի՞նչ է գրված իր հաշմանդամության թերթիկում:

«Աշխատավարձը բարձր ստանալուց հետո կադրերի բաժնի վարիչը կանչեց, ասաց՝ բեր քո կարգի թուղթը: Տարա, ասաց` տես, դու ունես խնամակալ, դու պիտի ազատվես գործից, ասացի՝ իսկ դուք կարո՞ղ եք ցույց տալ՝ ինչի՞ համար եմ ազատվում, ասաց՝ կամպյուտերներում լցված ա, որ կամպյուտերն էլ մտնես, այնտեղ ասում է, որ կարգ ունեցողներն ազատվում են», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Նաթանյանը։

Ստացած աշխատավարձը նրան թույլ էր տվել բանկից վարկով գումար վերցնել, և, եթե ազատվի աշխատանքից ոչ միայն չի կարող մարդավայել ապրել, ավելին՝ բանկին պարտք կմնա:

« 40 հազար թոշակով ես հիմա ո՞րն անեմ՝ հագնվեմ, ուտեմ, վարկ փակեմ, կոմունալը փակեմ։ Ասացին՝ դա մեզ չի հետաքրքրում», - պատմեց հաշմանդամը։

Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պարզապես վերադաս մարմինը՝ Մշակույթի նախարարությունը իրենց հանձնարարել է հաշմանդամ աշատողների հաշվառում կատարել:

«Նաթանյանին ոչ ոք չի պատրաստվում աշխատանքից ազատել», - մեզ փոխանցեց տնօրենն ու կադրերի բաժնի աշխատակցի և Ռիտա Նաթանյանի զրույցը որակեց չստացված կանացի զրույց:

«Երկու կին կարող է իրար չեն հասկացել, իրար հետ ինչ-որ բաներ են խոսել, բայց կադրերի հրաման չի եղել, ես ոչ մեկին չեմ ազատել: Բայց այդ կնոջ գրքույկում գրված է, որ նա անկողնային հիվանդ է։ Հաշվառում ենք արել, նոր ենք իմացել», - փոխանցեց տնօրենը։

Նաթանյանը վստահ է, որ ԶԼՄ-ների անդրադարձից հետո է տնօրինությունը հայտարարում, որ աշխատանքից նրան չեն ազատելու: Զրուցակիցս հաշմանդամությունը ձեռք է բերել 16 տարեկանում՝ գրիպի բարդության հետևանքով: Նա չի ստորագրել աշխատանքից ազատման դիմումն ու խորհրդի ստանալու համար դիմել է Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զարուհի Բաթոյանին, ով մեզ փոխանցեց, որ Ազգային գրադարանից ևս մեկ կին է իրեն նմանօրինակ խորհրդատվության համար դիմել իրեն:

«Հաշմանդամություն ունենալու համար աշխատանքից հեռացնելը նախ օրենքի, և հետո մարդու իրավունքների կոպիտ խախտում է», - «Ազատությանը» փոխանցեց Բաթոյանն ու հավելեց, որ այս հարցում գոյություն ունեցող օրենսդրական բացն է գործատուին շփոթության մեջ գցում:

Հաշմանդամության կարգը հաստատող մարմինը՝ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը, հաշվի առնելով հաշմանդամության առանձնահատկությունները, որոշում է, թե մարդն ինչպիսի՞ աշխատանմք կարող է կատարել, ինչպիսին` ոչ: Սակայն, ըստ Զարուհի Բաթոյանի, սա հնացած ձև է, մարդն ինքը պետք է որոշի, թե ի՞նչ աշխատանք կարող է կատարել. - «Տվյալ հանձնաժողովը կարող է առավելագույնը խուրհուրդ տալ, բայց ոչ որոշել»:

Այս պարագայում, փաստորեն, «Ազատության» զրուցակիցն, ըստ փաստաթղթի, համարվել է անաշխատունակ, բայց 36 տարի անտրտունջ կատարել է իր աշխատանքը: Այսօր գործող «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով արգելվում է մարդուն ազատել հաշմանդամության պատճառով, պաշտոնի բարձրացում չկատարել և այլն, իսկ Աշխատանքային օրենսգրքում հակառակն է ասվում։

«Աշխատանքային օրենսգրքում պարզապես ասվում է, որ կարող է լուծարվել համապատասխան եզրակացության վրա։ Այսինքն, օրենսդրական դաշտում սա լուրջ խնդիր է», - ասաց Բաթոյանը։

Խոսեցինք խնդրից տեղյակ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի հետ, ով ասաց, որ խնդիրն այս պահին ուսումնասիրության փուլում է: Օրենսդրական այս բացն անհանգստացնում է նաև Ազգային գրադարանի տնօրենին:

«Էս պահին մենք ոչ մի բանի առաջ կանգնած չենք, որովհետև հաշմանդամ չենք կրճատում, բայց վաղը, եթե աշխատանքի տեսչություն գա, ինչ-որ խնդիրներ, հարցադրումներ անի, տնօրենները բարդ խնդիրների առաջ են կանգնում։ Օրենքը պետք է փոխել»,-ասաց Զարգարյանը։