Աֆղանստանից դուրս բերված ռազմատրանսպորտային միջոցները չեն վաճառվի Ադրբեջանին

ԱՄՆ-ը մերժել է Աֆղանստանից դուրս բերված Cougar և HMMWV ռազմական տրանսպորտային միջոցները գնելու՝ Ադրբեջանի հայտը:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով իր ռազմական աղբյուրները, հավելում է, թե նշված տրանսպորտային միջոցները պետք է ներառվեին Ադրբեջանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի կազմում:

Միացյալ Նահանգները, սակայն, մերժել է հայտը՝ դա հիմնավորելով հակամարտության գոտու երկրներին զենք վաճառելու՝ պաշտոնական Վաշինգտոնի արգելքով:

Խոսքը, հիշեցնենք, 1992 թվականի հոկտեմբերին ամերիկյան Կոնգրեսի կողմից Ադրբեջանի նկատմամբ մտցված թիվ 907 ուղղման մասին է, որով արգելվում է որոշակի տեսակի օգնության տրամադրումն այդ երկրին:

ԱՊԱ գործակալությունը նշում է, որ դեռևս մեկ տարի առաջ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Աֆղանստանից դուրս է բերում իր ռազմական տեխնիկան, որը նախընտրում է վաճառել այն երկրներին, որոնք ակտիվ մասնակություն են ունեցել խաղաղապահ գործողություններին:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները իր բեռների մեկ երրորդը Ադրբեջանի տարածքով էր տեղափոխում:

Իսկ անցյալ տարի հոկտեմբերին, երբ ԱՄՆ-ը հայտարարեց Աֆղանստանից ամերիկյան զինծառայողների ու ոչ ռազմական նշանակության բեռների դուրսբերման գործընթացի մեկնարկի մասին, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարեց, թե «Ադրբեջանը մեծ նշանակություն ունի և լուրջ դեր է խաղում բեռների տեղափոխման հարցում»:

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեսպանատունը հավաստիացրել էր, թե Ադրբեջանը «կարևոր բեռնափոխադրման կետ է, իսկ այդ գործընթացն ընդհանուր առմամբ կտևի մի քանի տարի»։