Պատգամավորները ցանկանում են Մակարևիչին զրկել պետական պարգևներից

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները ցանկանում են կոմպոզիտոր Անդրեյ Մակարևիչին զրկել պետական կոչումներից և «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» մեդալից, գրում է «Известия» թերթը:

Այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը: Նա Մակարևիչին մեղադրել է պետական դավաճանության, հակառուսական պրոպագանդայի և նույնիսկ ֆաշիզմին աջակցելու մեջ:

Անցած շաբաթ Մակարևիչը շրջագայության էր մեկնել Դոնբաս և համերգ տվել Կիևի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Սվյատոգորսկում, ինչը նրա հասցեին քննադատությունների ալիք էր բարձրացրել:

Ավելի վաղ էլ Մակարևիչը հրապարակել էր «Про мерзость» վերնագրված իր հոդվածը, որում խստորեն քննադատել էր Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը Ուկրաինայում:

Գարնանը ինտերնետի օգտագործողները արդեն իսկ հանդես էին եկել Մակարևիչին պետական պարգևներից զրկելու նախաձեռնությամբ՝ քանի որ կոմպոզիտորը մասնակցել էր հակապատերազմական հանրաքվեի: Նրան պարգևներից զրկելու մասին ինտերնետային կոչը ավելի քան 23 հազար մարդ էր ստորագրել: