Ուկրաինացիները ստուգում են ռուսական հումանիտար ավտոշարասյունը

Ռուսաստանի ոստիկանության հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) Ուկրաինա մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մոտ, Ռոստովի մարզ, 15-ը օգոստոսի, 2014թ․

Այսօր Ռոստովի մարզում շարասյանը տասնյակ զրահամեքենաներ են միացել:

Ուկրաինայի տասնյակ սահմանապահներ ու մաքսային ծառայության աշխատակիցներ Ռուսաստանի տարածք են անցել՝ ստուգելու ռուսական ավտոշարասյունը:

Մոսկվան 280 բեռնատարներով մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչներին, սակայն Ուկրաինայի պաշտոնյաները կասկածներ ունեն, որ բեռնատարում հնարավոր է զենք, զինամթերք թաքցված լինի ռուսամետ անջատական գրոհայինների համար, ու պնդում էին, որ կընդունեն միայն Կարմիր Խաչի լիազորած օգնությունը:

Ռուսաստանը պնդում է, որ բեռնատարները ջուր, սննդամթերք ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ են տանում Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչների համար, սակայն արևմտյան պաշտոնյաները մտահոգված են, որ Մոսկվան առիթը կարող է օգտագործել ռազմական ներխուժման համար:

Այսօր Ռոստովի մարզում՝ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու ռուսական տասնյակ զրահամեքենաներ միացել են հումանիտար ավտոշարասյանը:

Բրիտանական The Guardian-ը, The Independent-ը երեկ գրել էին, որ հավանաբար 23 զրահամեքենա Ռուսաստանից անցել է Ուկրաինա:

Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե անցած գիշերվա ընթացքում 70 միավոր զենք Ռուսաստանից տեղափոխվել է Ուկրաինա:

Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը Լինաս Լինկևիչյուսը, մտահոգություն հայտնելով Ուկրաինայի արևելքում իրավիճակի կապակցությամբ, ասել է․ - «Մի կողմից, մենք շատ ենք խոսում այսպես կոչված հումանիտար ավտոշարասյան մասին, բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ իրավիճակը շարունակում է սրվել, մենք տեղեկություններ ունենք, որ գիշերվա ընթացքում 70 միավոր զենք է սահմանը անցկացվել»:

Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի, Լուգանսկի մոտ մարտական գործողությունները շարունակվում են:

Դոնեցկի ինքնահռչակ իշխանությունները հայտնում են, որ ռմբահարումների հետևանքով անցած 24 ժամվա ընթացքում 11 քաղաքացի է զոհվել: