Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է Բորդյուժային և Սինայսկուն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր հանդիպումներ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ԱՊՀ-ի մասնակից պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկու հետ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում այս տարվա հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին:

Այցի շրջանակներում արծարծվել են նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ-ի մասնակից պետությունների խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն - 2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի կազմակերպությունների շրջանակներում գործող հիմնական մասնագիտական կրթական հաստատություններում կադրերի և մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցեր:

Վաղը այցի շրջանակներում նախատեսվում է նաև Տոնոյանի մասնակցությունը Ռուսաստանի զինված ուժերի «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն - 2014» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: