Քաղաքապետարանի պարզաբանումը մանկապարտեզներին մատակարարված անորակ մսի վերաբերյալ

Առգրավված հավի խմբաքանակը, Երևան,14-ը օգոստոսի, 2014 թ․

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց՝ օրերս Նոր Նորքի 3 մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարելու փաստի կապակցությամբ:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է․ - «Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ի կողմից մայրաքաղաքի 3 մանկապարտեզների անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նշված անհատ ձեռներեցի հետ, որպես մատակարարի, պայմանագիրը կնքվել է 2014 թվականի հուլիսի 10-ին: Վերջինիս կողմից առաջին մատակարարումը եղել է 2014թ. օգոստոսի 12-ին: Հարկ է նշել, որ իրականացված մատակարարմանը հաջորդած 20 րոպեների ընթացքում վերոնշյալ 3 մանկապարտեզներ են այցելել իրավապահ մարմինների աշխատակիցներ և կապարակնքել են սառցախցերում տեղավորված տվյալ ապրանքն ամբողջությամբ»:

Քաղաքապետարանից նաև հաղորդում են, որ քայլեր են ձեռնարկվել նշված մատակարարի հետ պայմանագրի լուծարման, պայմանագրով նախատեսված պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (սև ցուցակ) ներառելու ուղղությամբ: