Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, դեսպան Շարլ Ազնավուրը Le Figaro օրաթերթում կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին՝ հյուրընկալել և ապաստան տալ վտանգի տակ գտնվող Իրաքի ու Սիրիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և օգնել նրանց՝ հաստատվելու ֆրանսիական որոշ լքված գյուղերում:
Ըստ աշխարհահռչակ շանսոնիեի՝ այդ ծրագիրը չի պահանջում մեծ ծախսեր, քանի որ համեստ գումարներով կարելի է գնել և նրանց տրամադրության տակ դնել աշխատանքի համար անհրաժեշտ միջոցները, ինչից հետո վերաբնակեցվածները իրենց աշխատանքով կվերակենդանացնեն այդ գյուղերը:
Իբրև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան՝ Ազնավուրը դիմել է նման առաջարկությամբ Շվեյցարիայի իշխանություններին, որոնք անմիջապես արձագանքել են:
Ֆրանսիան պետք է անի նույնը, և որքան հնարավոր է արագ, գրել է նա՝ պատրաստակամություն հայտնելով անձնապես օգնելու այդ ծրագրին, որը ունի ոչ քաղաքական բնույթ:
«Կարևոր է զբաղվել Արևելքի քրիստոնյաների, քրդերի, եզդիների և մյուսների ճակատագրով, չպետք է մոռանալ մի քրիստոնյա համայնքի (հայերին), որը թանկ է իմ սրտին», - նշել է նա:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կոչ է արել ֆրանսահայերին՝ նեցուկ լինել Ֆրանսիայի քրդական միությանը և իրենց մասնակցությունը բերել այդ միության կողմից օգոստոսի 16-ին կազմակերպվելիք և Իրաքի քրդերի ու եզդիների կոտորածները դատապարտող ցույցին: