Քացախով, կալիումի պերմանգանատով և այլ քիմիական նյութերով մշակված անհայտ ծագում ունեցող, փչացած հավի միս է տրամադրվել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին: Հավի մսի այս խմբաքանակը, ըստ ոստիկանության հաղորդագրության, մշակվում և փաթեթավորվում է մայրաքաղաքի Դուշանբեի 11/8 հասցեում: Այդ հասցեում գրանցված ընկերության սեփականատերը Էդվարդ Մխիթարյանն է, ում հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:
Օրեր առաջ ոստիկանության աշխատակիցներն առգրավել են հավի մսի այս խմբաքանակը, որի պիտակի վրա նշված է եղել «Ալավերդու թռչնաֆաբրիկա», իսկ ամսաթվերն ու մնացած տվյալները կասկածելի են եղել:
Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին հետաքննություն է ընթանում, իսկ նյութերը փոխանցվել են քննչական մարմին:
Թիվ 101 մանկապարտեզի տնօրեն Աննա Ասատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս մատակարարի հետ իրենք աշխատում են առաջին անգամ, և որ ոստիկանությունը առգրավել է մսամթերքը, հենց որ այն մտել է մանկապարտեզ:
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք սնունդը ստանալիս այն որոշակի ստուգման ենթարկվում է հենց մանկապարտեզում, տնօրենը պատասխանեց. - «Եթե կասկածելի ինչ-որ բան լինում է, մենք փորձում ենք թաղապետարանի միջոցով կանխել էդ ամեն ինչը»:
Թիվ 116 մանկապարտեզի տնօրեն Արմինե Մկրտչյանը համաձայնեց հարցազրույց տալ միայն առանց տեսախցիկի: Հավի մսի այդ խմբաքանակն այս մանկապարտեզը նույնպես առաջին անգամ պետք է ստանար: Միսն ընդունողի համար կասկածելի է թվացել ապրանքի փաթեթավորումը:
«Մի տեսակ անծանոթ փաթեթավորում էր, ոչ թե վատն էր: Զանգահարել են ինձ՝ տուն՝ տեղեկացնելով, որ այսպիսի խնդիր կա, որպեսզի գամ և տեսնեմ՝ արժե դա ընդունել, թե ոչ: Ահազանգել եմ թաղապետարան, որպեսզի ներկայացուցիչ գա, իրենք էլ տեսնեն, որ իրենց իմացությամբ վերցնենք և կիրառենք: Մինչև ես հասնում եմ մանկապարտեզ, արդեն ոստիկանությունը լինում է այստեղ», - պատմեց Արմինե Մկրտչյանը:
Մանկապարտեզներին տրամադրվող սնունդի մրցույթը հայտարարում, և դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը:
«Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է այդ մատակարարը շահել մրցույթն ու որակական ո՞ր հատկանիշները հաշվի առնելով է թույլ տրվել նրան արդեն միանգամից մատակարարման անցնելուն՝ քաղաքապետարանից ասացին, որ իրենք արդեն մամուլի հաղորդագրություն են տարածել և հավելելու ոչինչ չունեն:
Տարածված հաղորդագրությունում հատկապես նշված էր, որ սա այդ ՍՊԸ-ի առաջին մատակարարումն է եղել, և որ նոր կնքված պայմանագիրը քաղաքապետարանը շուտով կլուծարի ու կընդգրկի այդ մատակարարին «սև ցուցակում»՝ զրկելով նրան գնումների գործընթացին մասնակցելու հնարավորությունից:
Սննդի անվտանգության տեսչությունն էլ իր հերթին է զբաղվում մանկապարտեզներ փոխանցվող սննդի որակով: Տեսչության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց մասնագետները ոստիկանների հետ միասին են մասնակցել հավի մսի այդ խմբաքանակի առգրավմանը և որ սննդի որակի հսկողությունը պետք է իրականացնի մրցույթ իրականացնող կազմակերպությունը՝ այս դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը:
«Տվյալ ընկերությունը գրանցված չի եղել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, ինչի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ», - նշեց ծառայության մամլո խոսնակը:
Թե սննդի անվտանգության տեսչությունը, թե քաղաքապետարանը պարբերաբար պատահական ստուգայցեր են կազմակերպում մանկապարտեզներ: Մանկապարտեզի երեխաները, փաստորեն, ապահովագրված չեն անորակ սննդից և միշտ չէ, որ սննդի անվտանգության տեսչության ու քաղաքապետարանի պատահական ստուգայցերը բացահայտում են նման դեպքերը:
Այս պահի դրությամբ դեպքի առիթով քրեական գործ դեռ հարուցված չէ, հետաքննությունը շարունակվում է:
Տարօրինակն այն է, որ ըստ քաղաքապետարանի անորակ հավի մսի առաջին խմբաքանակը մատակարարվել է այս տարվա օգոստոսի 12-ին, իսկ ոստիկանությունը այն առգրավել է մեկ օր առաջ՝ օգոստոսի 11-ին