Հայ դատի գրասենյակը կոչ է անում «կանգնեցնել Ալիևի ընթացքը դեպի պատերազմ»

Իլհամ Ալիևը այցելում է շփման գծի Աղդամի հատված, 6-ը օգոստոսի, 2014թ․

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կանգնեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ընթացքը դեպի պատերազմ»:

Օգոստոսի 8-ին գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը և ներկայացուցիչ Քեյթ Նահապետյանը հանդիպել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին և վերջինիս կոչ արել ճնշում գործադրել Միացյալ Նահանգների կառավարության վրա՝ զսպելու Ադրբեջանի անխոհեմ ռազմական նկրտումները:

Նրանք ամերիկացի դիվանագետին են փոխանցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանի նամակը, որում ասված է, մասնավորապես, որ Ալիևի հրահրած՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ սահմանային հարձակումների վերջին ալիքը տասնյակ կյանքեր խլեց ու լուրջ հարված հասցրեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքին:

«Ամերիկյան բավականաչափ ուժեղ առաջնորդությամբ Մինսկի խումբը կարող է բնականոն հուն վերադարձնել խաղաղ գործընթացը՝ միանշանակորեն քննադատելով Ադրբեջանի ռազմական հարձակումները, այնուհետև միջազգային արշավ սկսվելով՝ ապահովելու, որպեսզի Բաքուն ընդունի դիպուկահարների հետքաշման և հավելյալ դիտորդների տեղակայման Մինսկի խմբի առաջարկները, որոնց արդեն հավանություն են տվել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը», - Ուորլիքին գրել է Խաչիկյանը: