Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են ավելի քան տասն անգամ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
«Լարվածության թուլացում նկատվում է: Ընդհանուր առմամբ կայուն է իրավիճակը: Լարվածության թուլացումը նկատվում է հիմնականում այդ խախտումների քանակը վերլուծելով․ եթե, ասենք, մինչև այդ Սոչիի հանդիպումը եղել է օրական միջինը 400 խախտում, ապա ներկա դրությամբ՝ մոտավորապես 30-40: Ավելի քան տասն անգամ նվազել է», - նշեց Բաբայանը:
Հարցին, թե ինչ են մտածում, խոսում մարդիկ Լեռնային Ղարաբաղում, ղարաբաղցի պաշտոնյան արձագանքեց․ - «Պարզ է, որ առանց ամուր թիկունքի հնարավոր չէ պահել նաև սահմանը, և այն, որ սահմանը պահվել է, որ բանակը բավականին վճռական դերակատարություն է ունեցել, սա նաև հետևանք է ամուր թիկունքի: Իսկ հասարակության մեջ, էսպես ասած, պոռթկում է տեղի ունեցել հայրենասիրական: Իրոք, բազմաթիվ երիտասարդներ, նույնիսկ վետերաններ առանց որևէ հորդորի, կամավոր եկել են և ցանկություն են հայտնել մեկնել սահման»:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին ե՞րբ եք սպասում Ստեփանակերտում և հերթական հանդիպման ժամանակ ի՞նչ եք իրենց ասելու օգոստոսյան միջադեպերից և Սոչիի հանդիպումից հետո», - «Ազատության» այս հարցին էլ Դավիթ Բաբայանը պատասխանեց․ - «Սպասում ենք, նրանք արդեն հայտարարել են, որ գալու են տարածաշրջան, դեռևս ժամկետները ճշտման փուլում են: Իհարկե, որ գան՝ այդ ամենը պետք է քննարկվի, քանի որ նման խախտումներ, նման ապակայունացում չի եղել 1994 թվականին զինադադարի հաստատումից հետո:»
«Իմ խորին համոզմամբ, այս վերջին զարգացումները ցույց են տվել մեկ կարևոր ուղղություն, որի մասին շատ ենք խոսել, բայց որը կարծես թե մղվել է երկրորդային պլան: Խնդիրն այն է, որ առանց Ադրբեջանում ժողովրդավարության ամրապնդման անհնարին կլինի ինչ-որ դրական զարգացում ակնկալել ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում», - շեշտեց ղարաբաղցի պաշտոնյան: