Հայաստանի եզդիները Իրաքի եզդիներին օգնելու ուղիներ են փնտրում

«Սինջար եզդիների ազգային միավորման» խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին, աջից՝ «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը, 13-ը օգոստոսի, 2014

Վերջին տեղեկություններով՝ Իրաքում արդեն հարյուրավոր եզդիներ են սպանվել, այնտեղ բնակվող մոտ մեկ միլիոն եզդիների կեսն էլ փախստական է դարձել։

Հայաստանի եզդիները մշտապես կապի մեջ են Իրաքում գտնվող իրենց հայրենակիցների հետ։

«Սինջար եզդիրների ազգային միավորման» խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին «Ազատության» հետ զրույցում պատմեց, թե ինչ դաժանությամբ են իսլամիստները սպանում իր հայրենակիցներին: Նա իրադարձությունները որակեց ցեղասպանություն։

«Դրանք այն մարդիկ են, ովքեր այդ տարածքները չեն հասցրել լքել և մնացել են տեղում։ Նրանք սպանվում են դաժանաբար, գլխատվում են հիմնականում՝ ինչպես Ղուրանն է պահանջում»,-ասաց Մուրազին։

500 հազար փախստական եզդիների մեծ մասը գնացել է Իրաքի հարևան երկրներ, մոտ 100 հազար մարդ էլ երկրի եզդիաբնակ Շանգալ շրջանում գտնվող Սինջար լեռան վրա է, որտեղ մարդիկ պարզապես սովամահ են լինում։

Մուրազիի պնդմամբ՝ եզդիները ապրում են իրենց ամենավատ օրերը, ասում է՝ Հայաստանում բնակվող եզդիների մոտ 50 հազարանոց համայնքը պարզապես ապշած է Հայաստանի իշխանությունների անտարբերությունից։

«Եզդիների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է, մինչդեռ ամբողջ աշխարհին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում անտարբերության մեջ մեղադրող Հայաստանի իշխանությունները նույն կերպ են վերաբերվում եզդիների հետ»,-«Ազատության» հետ զրույցում ասացին Բորիս Մուրազիի և «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը։

Նրանց խոսքով՝ մեծ թվով եզդիներ ցանկանում են տեղափոխվել Հայաստան, մինչդեռ Կառավարությունը հրաժարվում է նրանց վիզային արտոնություն տրամադրել։

«Չկա որևէ պետություն, որի միջոցով եզդիները կարողանան խոսել իրենց խնդիրներից։ Մենք կարծում ենք՝ Հայաստանը պետք է հանդիսանա և՛ ցեղասպանություն ապրած ժողովրդի երկիր-պետություն, և՛ նաև այն պետությունը, որտեղ եզդիներն ապրելով այս 300 տարիների ընթացքում և ավելին, ապացուցել են, որ այս երկրի արժանի քաղաքացիներ են։ Պետք է հիշենք, որ Սարդարապատում և Բաշ-Ապարանում եզդիական երկու հազար հոգանոց հեծելազոր եկավ»,-ասաց Մուրազին։

Սուլթանյանն էլ հավելեց. - «Իրաքի, Ռուսաստանի եզդիներն Արցախյան պատերազմի ժամանակ իրենք են օգնություն տրամադրել՝ այն ժամանակվա գումարով մեկ միլիոն դոլարի չափով»։

Եզդիները պատմեցին, որ մի քանի օր առաջ Կառավարության դիմաց այս հարցով բողոքի ցույց էին կազմակերպել. սպառնացել էին՝ փողոց փակել, ինչից հետո նրանց ընդունել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Մենք ապշած էինք. ինքն ասաց, որ առաջին անգամ է լսում եզդիների ծանր վիճակի մասին։ Մենք պահանջեցինք, որ առաջինը լինի հումանիտար օգնություն և դիվանագիտական ճանապարհով հնարավոր լինի այս ամեն մասին խոսել միջազգային ատյաններում, և դրանից հետո՝ մեր հանդիպումից մեկ ժամ անց, մեզ զանգահարեցին և ասացին, որ Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել 50 հազար դոլարի չափով պարենային օգնություն տալ»,- փոխանցեց Մուրազին։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հաստատեցին, որ Կառավարությունը ցանկանում է օգնություն տրամադրել Իրաքի եզդիներին։ Նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այժմ 50 հազար դոլարի օգնությունը տեղ հասցնելու շուրջ բանակցություններ են տարվում։

«Այս պահին մենք ուղիներ ենք որոնում այդ օժանդակությունը տեղ հասցնելու համար։ Ամենայն հավանականությամբ, դա կարվի միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ այսօր լուրջ բարդություններ կան նյութական օգնությունը կարիքավորների հասցնելու հետ կապված, և այս պահին մենք խորհրդակցությունների մեջ ենք համապատասխան միջազգային կազմակերպության հետ, որոնց ավարտին դրա մասին կհայտնենք»,-ասաց Տիգրան Բալայանը։

Հայաստանի եզդիները փոխանցեցին, որ արդեն մի քանի օր է իրենք համայնքի ներսում դրամահավաք են անցկացնում, այսօր երեկոյան էլ խնդրի մասին խոսելու նպատակով հավաք են կազմակերպել Երևանի կենտրոնում, որտեղ նույնպես դրամահավաք կլինի։

Եզդիները հայրենակիցներին նաև եզդիերենով կոչ ուղղեցին. - «Պատմական հողերի համար պետք է պայքարեք և միայն զենքով կարող եք պաշտպանել հայրենիքը»։