Ուորլիք․ «Նախագահները կարող են հանդիպել աշնանը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան, սակայն այցի ժամկետները դեռևս ճշտված չեն: Այդ մասին հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ի պատասխան ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցի:

«Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն առաջ մղելու նպատակով Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են հնարավորինս աջակցել բանակցություններում առաջընթացի հասնելու համար», - ասել է Ուորլիքը:

«Հայ և ադրբեջանցի ժողովուրդները նույնպես պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունը իրենց պետությունների շահերից չի բխում: Հուսով եմ, որ մարդիկ կքվեարկեն հանուն խաղաղության», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը: