Թուրքիայի առաջատար ընդդիմադիր կուսակցությունը՝ ճգնաժամի շեմին

Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու, արխիվ

Ընտրություններում պարտությունից հետո Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները պահանջում են կուսակցության առաջնորդի հրաժարականը:

Ընտրություններում կրած հերթական պարտությունից հետո թուրքական ընդդիմության առաջատար ուժը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կանգնած է ներքին ճգնաժամի շեմին:

Դա պարզ դարձավ երեկ, երբ ընդդիմադիր վեց պատգամավորներն Անկարայում հանդես եկան համատեղ հայտարարությամբ` պահանջելով Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հրաժարականը:

Ներկուսակցական ընդդիմության տեսակետը բարձրաձայնեց Անկարայից ընտրված պատգամավոր Էմինե Ուլքեր Թարհանը:

«Կուսակցության առաջնորդն ու նրա թիմակիցները պետք է վերջ տան ընտրություններում կրած պարտության համար քվեարկողների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու գործելաոճին: Մեր խորին համոզմամբ՝ պարոն Քըլըչդարօղլուն պետք է հրաժարական ներկայացնի, իսկ կուսակցությունը՝ շուտափույթ կերպով արտահերթ համագումար հրավիրի` առկա խնդիրներն ուշադրությամբ քննության առնելու նպատակով», - հայտարարեց Թարհանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ կուսակցությունը նախագահական ընտրություններին ընդառաջ մի շարք ռազմավարական բնույթի սխալներ թույլ տվեց, որոնք էլ ի վերջո հանգեցրեցին օգոստոսի 10-ի պարտությանը:

Ներկուսակցական ընդդիմության ներկայացուցիչների համոզմամբ՝ սեփական թեկնածու չառաջադրելն ու Էքմելեդին Իհսանօղլուին միասնական թեկնածու հռչակելը ճակատագրական սխալ էր:

«Ժողովրդա-հանրապետական կուսակցության հիմքերը խարխլված են: Մենք ցանկանում էինք նմանվել ուրիշներին և որպես հետևանք`պարտություն կրեցինք: Մենք պետք է խոստովանենք, որ հաջորդ տարի նախատեսված խորհրդարանական ընտրությունները կուսակցության համար գոյատևման պայքար են հանդիսանալու: Մենք պարզապես պարտավոր ենք այսօր արդեն առաջիկա ընտրությունների շեմին հստակ քայլեր ձեռնարկել: Այս վիճակն անվերջ շարունակվել չի կարող, երբ կուսակցական շարքերում չկա ներուժ և հուսալքություն է տիրում», - ասաց Թարհանը:

Թուրքական լրատվամիջոցները, սակայն, բավական մշուշոտ են գնահատում Ժողովրդա-հանրապետական կուսակցության արտահերթ համագումարի անցկացման հեռանկարները: Կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, որ արտահերթ համագումար հրավիրելու կարիք գոնե այս պահին չի տեսնում: