Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, 2014-ի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 0 տոկոսով:
Այս տվյալը ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի կառավարությունը հայտարարեց, թե 2009-ի ավելի քան 14 տոկոսանոց անկման գլխավոր պատճառը «շինարարական փուչիկն էր»: Այսինքն Հայաստանի տնտեսությունում անթույլատրելի մեծ չափաբաժին էր կազմում շինարարության ոլորտը, և անկումը այդ ոլորտում իր հետևից տարավ ողջ տնտեսությունը:
Ապագայում նման իրավիճակից խուսափելու համար՝ որոշվեց դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը, և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Կառավարությունը մշակեց ու 2011-ին հաստատեց «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը»:
«Ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներից` ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում, որը միտված է լինելու տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը», - կարդում ենք փաստաթղթի սկզբում:
Կառավարությունը անգամ թվեր հրապարակեց. արդյունաբերության աճը այնքան արագ պետք է լիներ, որ մինչև 2015 թվականը արտահանումը կրկնապատկվելու էր՝ հասնելով մոտ 2 միլիարդ դոլարի, իսկ 2020-ին եռապատկվելու էր՝ հատելով 3 միլիարդ դոլարի սահմանագիծը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, արդյունաբերության մեջ զրո տոկոսը պարզորոշ վկայում է, որ կառավարության քայլերը, ինչպես շատ այլ հարցերում կրում էին ձևական բնույթ. - «Մինչդեռ տնտեսությունը՝ այդ թվում նաև արդյունաբերությունը զարգացնելու համար պետք են շատ պարզ քայլեր: Առաջինը դա տնտեսության ապակենտրոնացումն է, ապամոնոպոլիզացումը, երկրում մրցակցային դաշտի ապահովումը, որ Հայաստանում չի արվում: Այդ պարագայում ցանկացած արդյունաբերական քաղաքականություն պիտի ուղղակի տապալվի»:
Սակայն սա ամբողջը չէ: Անցած ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ այս հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության մեջ կտրուկ կերպով ընկել է գազի ու էլեկտրաէներգիայի սպառումը. - «Արդյունաբերությունը ծախսել է ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան 2013 թվականին. մոտավորապես 1.15 տոկոսով: Գազի իրացման ծավալները հետևյալն են. հիմնականում իրացման ծավալները նվազել են արտադրությունում մոտ 17.4 տոկոսով»:
Հայկ Գևորգյանի կարծիքով, այս թվերը կարող են վկայել, որ իրականում արդյունաբերության մեջ անկում է եղել: «Որովհետև հնարավոր չէ ընդամենը մեկ տարում արդյունավետությունը տնտեսության այնքան բարձրացնել, որ միավոր էլեկտրաէներգիա սպառելուց ստանալ ավելի շատ արտադրանք», - փաստարկեց նա:
Էկնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հարցը պետք է դիտարկել դինամիկայի մեջ․ - «Եթե մենք դիտարկենք այս տարվա հունվարը նախորդ տարվա հունվարի նկատմամբ, կամ հունվար - փետրվարը՝ նախորդ տարվա հունվար - փետրվարի, կտեսնենք, որ անկում էր: Իսկ գնալով, այս վեց ամիսների ընթացքում այդ անկումը կրճատվեց և հասել է զրոյի: Առաջիկայում, համաձայն մեր կանխատեսումների, նախատեսվում է, որ կլինի որոշակի աճ, կգա և իր տեղը կվերականգնվի արդյունաբերության աճը նախորդ տարիների համեմատ»:
Ըստ Եգանյանի, արդյունաբերությունում զրո տոկոս աճի հիմնական պատճառը կապված է ոլորտի առաջատար՝ հանքաարդյունաբերական, սննդի արդյունաբերության ընկերությունների «պայմանագրային պարտավորությունների կատարման տարեկան բաշխվածության հետ»: Այսինքն՝ առաջին կիսամյակում պայմանագրեր քիչ են եղել, երկրորդում սպասվում է ավելի շատ, և «ամեն ինչ կգա ու իր տեղը կկանգնի»: