Օրերս ադրբեջանական գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակը Հայաստան վերադարձնելու հարցով հայկական կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտե։
Կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ պատրաստ են ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերն այդ ուղղությամբ և ադրբեջանական կողմից առաջարկներ ստանալու դեպքում պատրաստ են քննարկել: Դիակը վերադարձնելու դեպքում կնշանակվեն համապատասխան բոլոր փորձաքննությունները Կարեն Պետրոսյանի մահվան իրական պատճառները պարզելու համար, անհրաժեշտության դեպքում կհարուցվի քրեական գործ։
Հիշեցնենք՝ երիտասարդը գերի ընկավ օգոստոսի 7-ին և ընդամենը մեկ օր անց՝ օգոստոսի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Պետրոսյանը մահացել է սրտանոթային սուր անբավարարությունից։
Ադրբեջանական կողմի եզրակացությունները, Կապրիելյանի խոսքով, Հայաստանում հիմք չեն․ - «Մահվան փաստը, մինչև փորձագետի, մասնագետի, դատաբժշկի եզրակուցությունը չլինի, ո՛չ ես, ո՛չ էլ որևիցե մեկը, չի կարող հստակ ասել։ Բնական է, ինչ-որ մի բան մահվան եզրակացության մեջ պետք է գրված լինի, որը պաշտոնապես կփոխանցեն Կարմիր Խաչին։ Դա մեզ համար հիմք չէ: Իհարկե, մենք, հենց որ դիակը վերադարձնենք Հայաստան, մեր դատաբժշկական փորձաքննությունները կլինեն, անհրաժեշտության դեպքում՝ նաև չեզոք հետազոտություններ, որպեսզի տեսնենք ու համոզվենք՝ ինչն էր իրականում մահվան պատճառը։ Ի դեպ, ես ձեզ ասեմ, չի բացառվում, իհարկե սրտի կաթվածը, բայց անգամ, եթե դա է իրականում մահվան պատճառը, դա դեռ չի նշանակում, որ ինքը լրիվ նորմալ մարդկային պայմաններում [էր] ու հանկարծ հանկարծամահ եղավ։ Այսինքն, պատկերացնում եք, չէ՞, ինչ ֆիզիկական ու հոգեբանական ճնշում են գործադրել»։
Երիտասարդը, հիշեցնենք, Չինարի գյուղից է։ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Կարեն Պետրոսյանը, ճիշտ է, մտավոր խնդիրներ ունեցել է, բայց սիրտը եղել է լրիվ առողջ։
Արմեն Կապրիելյանը ևս, վկայակոչելով նրա բժշկական քարտում եղած ախտորոշումը, նշեց, որ այնտեղ սրտանոթային որևէ հիվանդության մասին խոսք չկա, ինչը ևս կասկածներ է առաջացնում։
«33-ամյա տղա էր, ի ծնե կամ ձեռք բերված ծանր սրտային հիվանդություն չի ունեցել. չեմ կարծում՝ դա են տարիքն է, որ միանգամից ինչ-որ սրտի խնդիր մոտը առաջանար, սրտի կաթվածը, պատկերացնո՞ւմ եք, դա սարսափից կարա լինի, վախ չէ է՝ սարսափ, իսկ իրա մահանալուց առաջ վերջին կադրերը տեսա և լուսանկարահանումները, որոնք ադրբեջանական կայքերում կային, էդ անզեն աչքով էլ էր երևում, թե ինչ սարսափ է գրված էդ տղայի դեմքին», - ասաց Կապրիելյանը։
Եթե Ադրբեջանը չհամաձայնի վերադարձնել երիտասարդի դին, ապա դա, ըստ Կապրիելյանի, և՛ հայկական կողմին, և՛ միջազգային կազմակերպություններին հիմք կտա եզրակացնել, որ մահվան պատճառը կեղծվել է։
Հարցին, թե հայկական կողմը կհամաձայնի փոխանակել Քարվաճառում դիվերսիայի ժամանակ սպանված ադրբեջանցու դին Կարեն Պետրոսյանի դիակի հետ, Կապրիելյանը պատասխանեց. - «Իհարկե, սցենարի զարգացման մի քանի տարբերակ կա. տարբերակներից մեկն էլ այն է, որ փոխանակում լինի։ Առայժմ ինչ-որ կոնկրետ առաջարկներ չունենք, առաջարկներ ունենալու դեպքում, իհարկե՝ կքննարկենք»։
Հարցին՝ իսկ եթե Ադրբեջանը Պետրոսյանի դիակի դիմաց Քարվաճառում ձերբակալված դիվերսանտների՞ն հետ պահանջի, Կապրիելյանն այսպես արձագանքեց. - «Ցանկացած առաջարկ քննարկման առիթ է. չեմ բացառում նաև էն տարբերակը, որ իսկապես կարող ա նման առաջարկ ստացվի, առաջարկը լինելու դեպքում նոր, իհարկե, քննարկելու ենք և համապատասխան որոշում կայացնենք»։
Ադրբեջանական կողմը, ինչպես հայտնի է, Կարեն Պետրոսյանին ներկայացնում է որպես զինված դիվերսանտ։ Ադրբեջանի իշխանությունների հրապարակած հարցաքննության տեսանյութում նա զինվորական համազգեստով է։ Բարձրաստիճան զինվորականի գլխավորությամբ հայ գերուն, տեսախցիկների առջև ստորացնելով, ստիպում են ներում խնդրել Ադրբեջանի նախագահից։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցները, մինչդեռ, այցելելով Աղբուլաղ գյուղ, բնակիչներից պարզել են, որ Կարեն Պետրոսյանը գյուղում հայտնվել է մենակ, անզեն, առօրյա հագուստով և ընդամենը թեյ և ծխախոտ է խնդրել։
«Ես ամաններն էի լվանում, հանկարծ լսեցի՝ մեկը ձայն է տալիս, հարցրի՝ ի՞նչ ես ուզում, ո՞վ ես, ասում էր՝ թեյ, թեյ, թեյ: Անընդհատ նույն բանն էր կրկնում, մի տեսակ տարօրինակ էր խոսում: Գնացի, տղայիս ասում եմ՝ ոնց որ հայ է եկել, զարմացավ՝ ինչպե՞ս թե հայ, չի կարող պատահել: Հետո տղաս եկավ, հարցուփորձ արեց, հարցրեց՝ ինչո՞ւ ես վախեցնում մորս, քրոջս, իսկ նա թե՝ երդվում եմ՝ ինձ մոտ զենք չկա», - պատմում են բնակիչները, ընդգծելով․ - «Այդ տղայի մոտ ոչ մի բան չկար, ես ինքս եմ ստուգել, նա նույնիսկ կոշիկները հանեց ու ցույց տվեց, որ զենք չունի մոտը»:
Ականատեսների պնդմամբ՝ տղային տարել են գյուղի թեյարան, ինչից հետո ռազմական ոստիկանության ներկայացուցիչները եկել են ու, գյուղացիների կամքին հակառակ, նրան ձերբակալել։
Կան բոլոր հիմքերը Կարեն Պետրոսյանի գործով ՄԻԵԴ դիմելու համար
Ի դեպ, Կարեն Պետրոսյանի մահվան հաջորդ օրը տարածվեց նրան հարցաքննած սպա Ռովշան Աքպերովին առնչվող մի գործով այս տարվա հուլիսի 31-ին Եվրադատարանի հրապարակած վճիռը: Ըստ այդմ՝ Աքպերովը Ուկրաինայի դատախազության կողմից 2001թվականին մեղադրվել է Կիևում իր հայրենակից Էլչին Ալիևին ականատես վկաների ներկայությամբ դանակահարությամբ սպանելու մեջ։ Բայց նրան հաջողվել է անմիջապես փախչել Ադրբեջան, որտեղ անպատիժ է մնացել։ Եվրադատարանը տուգանել է Ադրբեջանին քննություն չիրականացնելու և հանցագործին պատասխանատվության չենթարկելու համար։
Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ գոյություն ունեն բոլոր հիմքերը Կարեն Պետրոսյանի գործով Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու համար. - «Ստեղ կարևոր չի՝ գեներալ է, թե ինչ անձնավորություն է, էականը իրավազորությունն է, տարածքը։ Տարածքը գտնվում է Ադրբեջանի իրավազորության ներքո, պլյուս նա գտնվել է պետական մարմինների բացառիկ իրավազորության ներքո: Նշանակում է նման պայմաններում ցանկացած բան, որ պատահում է անձի հետ, անմիջապես վերագրվում է պետությանը: Խախտվել է առաջին հերթին կյանքի իրավունքը, պարզ է: Երկրորդ՝ անմարդկային վերաբերմունք, նվաստացուցիչ վերաբերմունք, դա մենք տեսանք՝ նրան հարցաքննելու եղանակն էր: Եվ երրորդ՝ անձնական կյանքի տիրույթում է խնդիրը, որովհետև ի ցույց ամբողջ աշխարհի ի ցույց դրվեց, թե ինչպես են նրան հարցաքննում նվաստացուցիչ պայմաններում։ Եվ, իհարկե, մենք չպետք է մոռանանք, որ այս ամբողջը պետք է դրվի հոմոֆոբիայի, արմենոֆոբիայի կոնտեքստում և գործն այդպես ներկայացվի։ Որովհետև ես ուզում եմ պնդել, որ Կարենը կյանքից զրկվել է, որովհետև նա հայ էր»։