Կոչ՝ Հյուսիսային Իրաքի կրոնական փոքրամասնությունների բնաջնջման դեմ

Հյուսիսային Իրաքի շրջաններից բռնի ուժով տարհանվող եզդիներ, 10-ը օգոստոսի, 2014թ.

Հյուսիսային Իրաքի Շանգալ շրջանի եզդի բնակչության և կրոնական մյուս փոքրամասնությունների օրհասական վիճակը հղի է ընդլայնման և է՛լ ավելի վատթարացման վտանգով, այն լրջագույն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի, ներառյալ Հարավային Կովկասի համար։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմն ու կոչ արել Հայաստանի քաղաքական և քաղաքացիական կառույցներին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնել Հյուսիսային Իրաքի կրոնական փոքրամասնությունների բնաջնջման դեմ:

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. - «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական կազմակերպությունն անցել է եզդի բնակչության զանգվածային տեղահանության և բնաջնջման։ Հարյուր հազարավոր իրաքցիներ, որոնց մեծ մասը՝ կրոնական փոքրամասնություններ, լքել են Շանգալ մարզի հարավային հատվածում գտնվող իրենց բնակավայրերը: Իսկ շուրջ 70 հազարը բարձրացել են Շանգալի լեռները, որտեղ այժմ տառապում են ջրի և սննդի պակասից: Արդեն հարյուրավոր մարդիկ, այդ թվում կանայք և երեխաներ մահացել են: Օրերս հայտնի դարձավ, որ շուրջ 500 եզդի կանանց իսլամիստները առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ»։

Ազգային պլատֆորմը կոչ է արել նաև Հայաստանի իշխանություններին հստակ պաշտոնական դիրքորոշում արտահայտել նշված ահաբեկչական գործողությունների նկատմամբ:

«Ակնկալում ենք, որ Եվրամիությունը, ԵՄ անդամ երկրներն ու Արևելյան գործընկերության երկրները բոլոր հնարավոր եղանակներով անհապաղ մարդասիրական օգնություն կցուցաբերեն Հյուսիսային Իրաքի բնակչությանը: Կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ անհրաժեշտության դեպքում խաղաղապահ գործողություններ նախաձեռնել Շանգալի տարածաշրջանում՝ տեղի բնակչությանը հումանիտար աղետից փրկելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։