Լավրով․ Ղարաբաղը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապ չունի

Your browser doesn’t support HTML5

Ղարաբաղյան խնդիրը չի անդրադառնա Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վրա, կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանը միանում է Եվրասիական միությանը որպես Հայաստան, Լեռնային Ղարաբաղը սրա հետ որևէ կապ չունի, ինչի մասին բազմիցս հայտարարել է Հայաստանի նախագահը, ասել է Լավրովը Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո:

Առաջին անգամ, հիշեցնենք, Եվրասիական տնտեսական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի Հայաստանի անդամակցության հարցը հրապարակման քննարկման թեմա դարձավ մայիսի 29-ին Աստանայում՝ Եվրասիական խորհրդի նիստին, երբ հարցը բարձրացրեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Ամփոփելով Սոչիի հանդիպումը՝ Լավրովը հայտարարել է, որ այն օգտակար էր, նախագահները վերահաստատել են հավատարմությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայացրած սկզբունքներին, որոնք ենթադրում են խնդրի կարգավորում բացառապես խաղաղ ճանապարհով, հարգելով տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքը, և պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը:

Լավրովը նշել է նաև, որ դեռևս կան մի քանի չհամաձայնեցված հարցեր, սակայն՝ բարդ հարցեր, և «ինչպես ասում են՝ սատանան դետալների մեջ է»:

Ազա Բաբայան, Մոսկվա