Մայդանից ապամոնտաժվել են վերջին բարիկադները

Կիևի քաղաքապետարանի աշխատակիցները և կամավորները օգոստոսի 9-ին ապամոնտաժել են մայրաքաղաքի գլխավոր պողոտան արգելափակող՝ անցած տարի սկսված և իշխանափոխության հանգեցրած ցույցերի ընթացքում կառուցված բարիկադների վերջին մնացորդները:

Ցուցարարները բարիկադները կառուցել էին Կիևի կենտրոնական՝ Անկախության հրապարակում (Մայդանում) ի նշան նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի դեմ բողոքի ստեղծված ճամբարային ավանը պաշտպանելու համար, սակայն անգամ վերջինիս՝ փախուստի դիմելուց հետո ցուցարարները մնացել էին Մայդանում՝ կասկածներ հայտնելով իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարության իրական մտադրությունների վերաբերյալ:

Այսօր դեռևս որոշ վրանները մնացել են հրապարակում, սակայն Կիևի նոր քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, ով Յանուկովիչի դեմ բողոքի շարժման առաջնորդներից էր, հայտարարել է, որ դեռևս համառող և հրապարկում մնացող վերջին ցուցարարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քաղաքի կենտրոնում բարիկադները վերջնականապես ապամոնտաժելու և ազատ տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ: