Պուտինը տվել է ռուս-ամերիկյան նավթային ծրագրի մեկնարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիից տեսակամրջի միջոցով ազդարարել է Արկտիկական ծովի Ռուսաստանին պատկանող հատվածում հետախուզական նավթահորի հորատումը, որը իրականացվում է ռուսաստանյան «Ռոսնեֆտ» և ամերիկյան «Էքզոն Մոբիլ» ընկերությունների համատեղ ջանքերով:

«Մեր օրերում կոմերցիոն հաջողության հիմքում ընկած է արդյունավետ միջազգային համագործակցությունը», - ասել է Ռուսաստանի նախագահը, - «Բիզնեսները, այդ թվում ռուսաստանյան և արտասահմանյան ընկերությունները, հրաշալի հասկանում են, որ չնայած որոշ քաղաքական դժվարությունների, պրագմատիզմը և առողջ բանականությունը հաղթանակ են տանում, և մենք ուրախ ենք դրա համար»:

«Ռոսնեֆտի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինը և «Էքզոն Մոբիլի» ռուսաստանյան մասնաճյուղի ղեկավար Գլեն Ուոլերը անձամբ էին մասնակցում Ռուսաստանի հյուսիսային Կարա ծովիում տեղի ունեցող արարողությանը:

Ծրագրի մեկնարկը տրվում է Միացյալ Նահանգների, Եվրամիության և արևմտյան մի շարք այլ խոշոր պետությունների կողմից Ռուսաստանի դեմ ավելի ու ավելի խիստ պատժամիջոցների սահմանումից հետո, ինչը պայմանավորված է Կրեմլի կողմից Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին միջամտելու առնչությամբ Արևմուտքի դժգոհությամբ: