Սոչիում մեկնարկել է Սարգսյան - Պուտին հանդիպումը

Քիչ առաջ Սոչիում մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Թվիթեր միկրոբլոգային հարթակի իր էջում գրել է Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:

Մինչև հանդիպումը տարածված հաղորդագրությունում ասված էր, որ երկու նախագահների հանդիպմանը մտքեր կփոխանակվեն երկու երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

«Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին», - տեղեկացրել էր Կրեմլի մամուլի ծառայությունը:

Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկու նախագահները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել են մի շարք հարցերի կապված տարածաշրջանային խնդիրների հետ: Առանձին քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: