Ենգիբարյանի անվան մնջախաղի չորրորդ փառատոնը՝ Ծաղկաձորում

Մնջախաղի միջազգային փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի խոսքով՝ հանդիսատեսը աստիճանաբար սովորում է փողոցում ցուցադրվող ներկայացումներին:

Օգոստոսի 10 -15-ը Ծաղկաձորում կայանալու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային չորրորդ փառատոնը, որին այս տարի մասնակցելու են 5 երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Թայլանդի, Ճապոնիայի և Իրանի ներկայացուցիչներ, մնջախաղի թատերախմբեր և անհատներ: Երևանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը, ներկայացնելով փառատոնի ծրագիրը, նշեց, որ այն բավական հագեցած է լինելու:

5 օրերի ընթացքում ցուցադրվելու են ներկայացումներ Ծաղկաձորի հրապարակում տեղադրված բացօթյա բեմում, ինչպես նաև՝ քաղաքի այլ հատվածներում, փողոցներում:

Ըստ Դադասյանի՝ Մնջախաղի միջազգային փառատոնի նպատակն է համաշխարհային մնջախաղի լավագույն նմուշները հայաստանյան հանրությանը հասանելի դարձնելը, ինչպես նաև՝ հայաստանյան խմբերին ոգևորելը, որոնց թիվը, շնորհիվ նման փառատոնների, տարեցտարի մեծանում է:

Մնջախաղի միջազգային փառատոնն անցկացվում է 2008 թվականից՝ երկու տարին մեկ անգամ, իսկ 2010 թվականից այդ միջոցառումը կրում է հայ տաղանդավոր ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունը:

Ժիրայր Դադասյանը ասում է, որ տարեցտարի փառատոնի հանդիսատեսների թիվն ավելանում է: Հանդիսատեսը սովորում է փողոցում ցուցադրվող յուրահատուկ ներկայացումներին, որոնցում նաև ինքն է ներգրավվում:

«Տարեցտարի ավելի կիրթ հանդիսատես ենք ունենում: Առաջին տարվա ցուցադրությունների ժամանակ եղան միջադեպեր, երբ հանդիսատեսը վայրենի էր իրեն պահում, միշտ բեմ էր բարձրանում, բայց հիմա մի քիչ տաշվեց, ընտելացավ և սա շատ կարևոր է», - ասաց Ժիրայր Դադասյանը:

Փառատոնի բյուջեն 2008 թվականից սկսած կազմում էր 8 միլիոն դրամ: Այս տարի մշակույթի նախարարությունը հատկացրել է ևս 1միլիոն դրամ, որի միջոցով փառատոնի ընթացքում ամեն օր ավտոբուսներով մոտ 100 մարդ Երևանից անվճար կտեղափոխվի Ծաղկաձոր՝ դիտելու ներկայացումները: Նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի խոսքով՝ փառատոնը մեծ տոն է Ծաղկաձորի համար:

Մնջախաղի փառատոնի կազմակերպիչներն ասում են, որ այդ օրերին մեծանում է նաև զբոսաշրջիկների հոսքը Ծաղկաձոր և բոլոր հյուրանոցները գերհագեցած են լինում: