Պուտինը Նազարբաևի հետ քննարկել է Սոչիի հանդիպումը, Լուկաշենկոյի հետ՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները Աստանայի գագաթնաժողովի ժամանակ, 29-ը մայիսի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Նուսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցներում արծարծել է նաև Սոչիում վաղը կայանալիք հանդիպումների և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության թեմաները:

Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Պուտինը և Նազարբաևը ի թիվս այլ հարցերի քննարկել են «կողմերի դիրքորոշումների մերձեցման նպատակով Սոչիում վաղը կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը»:

Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ էլ՝ Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր, «ընդգծվել է այն դիրքորոշումը, որ դրան Հայաստանի անդամակցությունը չպետք է տեղի ունենա ի վնաս Մաքսային միության շահերի»:

Այս հեռախոսազրույցների մասին Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում տվյալ հարցերի քննարկման վերաբերյալ որևէ հիշատակում չկա: