ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները հույս են հայտնել, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը հանդիպում են ունեցել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, դեսպաններն իրենց ցավակցություն են հայտնել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է ներկայիս իրադրությունը:
Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ են արել կողմերին, հորդորել են խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը և հույս հայտնել, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը: