Պատժամիջոցներ ընդդեմ պատժամիջոցների

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, 5-ը օգոստոսի, 2014թ․

Ռուսաստանը հակադարձում է Արևմուտքին:

Պատժամիջոցներ ընդդեմ պատժամիջոցների: Ռուսաստանի իշխանությունները արգելում են գյուղմթերքի, հումքի և սննդամթերքի ներկրումն այն բոլոր պետություններից, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ` Ուկրաինայում պաշտոնական Մոսկվայի որդեգրած քաղաքականության պատճառով: Չորեքշաբթի երեկոյան Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը տեղադրվեց Կրեմլի պաշտոնական կայքում:

Որ Ռուսաստանը սկսելու է պատասխան պատժամիջոցներ կիրառել՝ հրամանագիրը ստորագրելուց մի քանի ժամ առաջ Վորոնեժում հայտարարեց երկրի նախագահը:

«Տնտեսության վրա ներազդեցության քաղաքական մեթոդները անընդունելի են: Դրանք հակասում են բոլոր կանոններին և օրենքներին: Կառավարությունն արդեն իսկ առաջարկել է միջոցներ ձեռնարկել ի պատասխան այսպես կոչված պատժամիջոցների, որ սահմանել են մի շարք պետություններ: Կարծում եմ, որ ժամանակակից պայմաններում, հայրենական արտադրողների շահերը պաշտպանելու նպատակով մենք կարող ենք մտածել այդ ուղղությամբ: Միաժամանակ, դա պետք է շատ խնամքով անել, որպեսզի հայրենական արտադրողներին աջակցելով հանդերձ` չվնասենք սպառողներին», - հայտարարեց Պուտինը:

Պատժամիջոցները նախատեսվում է սահմանել մեկ տարի ժամկետով: Առաջիկայում, ըստ Ռուսաստանի նախագահի, կհստակեցվի այն ապրանքատեսակների ցանկը, որոնց դեմ կկիրառվեն սահմանափակումները:

«Ազգային անվտանգության նկատառումներից ելնելով և խստորեն պահպանելով Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերը` մենք կնախապատրաստենք այդ առաջարկությունները», - նշեց Պուտինը:

Պաշտոնական Մոսկվան պատասխան պատժամիջոցների կիրառման հարցում չի պատրաստվում սահմանափակվել զուտ գյուղմթերքով և սննդամթերքով: Չի բացառվում, որ քաղաքացիական ավիացիան մյուս ոլորտն է, որ կդառնա Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների թիրախը: Մոսկովյան «Վեդոմոստի» պարբերականի տեղեկություններով՝ Ռուսաստանը պատրաստվում է արգելել արևմտյան ավիաընկերությունների տարանցիկ թռիչքներն իր տարածքով: Մոսկվայի այդ որոշումը կարող է ծանր հարված հասցնել հատկապես Եվրոպայից Հարավարևելյան Ասիայի և Հեռավոր Արևելքի պետություններ թռիչքների իրականացնող ավիաընկերություններին: Մոսկվան այս քայլին կարող է դիմել ի պատասխան Եվրամիության որոշման` արգելել «Աէրոֆլոտ»-ի դուստր ավիաընկերությանը` «Դոբրոլյոտ»-ին թռիչքներ իրականացնել եվրոպական ուղղություններով:

«Հնարավոր պատժամիջոցների քննարկման փաստը մենք հաստատում ենք: Համապատասխան հանձնարարականով հանդես է եկել վարչապետ Դմիտրի Մեդվեդևը», - BBC-ի թղթակից հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության մամուլի խոսնակ Տիմուր Խիկմատովը: