Վերջին մի քանի օրերի ընթացքում հայ ադրբեջանական շփման գծում ուժգնացած կրակահերթերը խաթարեցին առանց այն էլ անհանգիստ այս ամառը, գրում է Վաշինգտոնում գործող Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը՝ իր հոդվածում վերլուծելով ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները:
«Ղարաբաղի հեռավոր պատերազմական գոտուց դժվար է վստահելի տեղեկատվություն ստանալը: Սակայն երկու կողմից ստացվող տեղեկություններից կարելի է ենթադրել, որ վերջին օրերի ընթացքում առնվազն 30, իսկ գուցե և ավելի զինվոր է զոհվել: Հայկական աղբյուրները պնդում են, որ 5 հայ և 25 ադրբեջանցի է զոհվել: Ադրբեջանցի գեներալը պնդում է, որ 71 զոհ է գրանցվել հայերի կողմից, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը 13 զոհ ունի», - գրում է դե Վաալը, - «Ամեն դեպքում, սա թույլ է տալիս ենթադրել, որ վերջին մի շաբաթում շատ ավելի շատ զոհեր են եղել շփման գծում, քան ողջ 2013 թվականի ընթացքում»:
Ղարաբաղի ճակատային գիծը բնութագրելով որպես «Եվրոպայի ամենառազմականացված տարածք»՝ փորձագետը արձանագրում է, որ անցած 15 տարիներին այստեղ սահմանային միջադեպերից ամեն տարի 2-3 տասնյակ մարդ է զոհվել, սակայն այս տարի իրավիճակը վատթարացել է մի շարք գործոնների ազդեցությամբ, որոնց թվում է, ըստ Թոմաս դե Վաալի, Ռուսաստանի կողմից մատակարարվող սպառազինությունների շարունակվող մրցավազքը:
«Հայաստանը ավելի շատ ռուսամետ ուղղություն է բռնել` Ռուսաստանի Եվրասիական միությանը անդամակցելու նկրտումներով: Հնարավոր է, որ այս հանգամանքը ամրապնդել է Երևանի համոզմունքը, որ հակամարտության դեպքում Մոսկվան կմիջամտի և օգնության կհասնի Հայաստանին», - գրում է նա, - «Ադրբեջանը ավելի անվստահ և ագրեսիվ տպավորություն է թողնում: Այդ երկրում ամբողջ թափով շարունակվում են իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ ճնշումները»:
Թոմաս դե Վաալը բերում է Ադրբեջանի ամենահայտնի իրավապաշտպան զույգի՝ Լեյլա և Արիֆ Յունուսների կալանավորման և նրանց ներկայացված` դավաճանության և լրտեսության անհեթեթ մեղադրանքների օրինակը:
Փորձագետը նկատում է` վերջին երկու ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագծի մոտ բախումների մասին հաղորդումները ավելացել են անգամ այն հատվածներում, որտեղ իրավիճակը նախկինում համեմատաբար հանգիստ էր, օրինակ` Նախիջևանում:
«Հրադադարի խախտումները հիմնականում տեղային բնույթ են կրում և համակարգված չեն, սակայն ավելի լուրջ միջադեպերը, ինչպիսիք օրինակ շփման գծի ողջ երկայնքով հարձակումներն են, չեն կարող առանց քաղաքական հաստատման տեղի ունենալ: Այս հարձակումները առավել հավանական է` գալիս են ադրբեջանական կողմից, որը մերժում է հրադադարը ամրապնդելու և դիպուկահարներին հետ քաշելու միջազգային նախաձեռնությունը»,- գրում է փորձագետը:
Նրա խոսքով՝ «որպես հակամարտության պարտված կողմ՝ Ադրբեջանը ցանկանում է փոխել ստատուս-քվոն, նյարդայնացնել մյուս կողմին և աշխարհին հիշեցնել հակամարտության մասին»:
Հայկական կողմին անդրադառնալով Դը Վալը գրում է. - «Անցյալ շաբաթ հայկական կողմի հրապարակած լուսանկարները, որոնցում պատկերված էր առգրավված ռադիոտեխնիկան, ադրբեջանական դիրքերի վրա հարձակման վերաբերյալ ենթադրությունների տեղիք են տալիս:
Այսպիսով` վերջին բռնությունները կարող էին հայկական կողմի` ռազմական գործողության կամ ադրբեջանցիների մի քանի փոքր հարձակումներին հակադարձելու արդյունք լինել:
Սակայն ռազմական գործողությունների մեկնարկից հետո հարցը, թե «ո՞վ է սկսել», արագորեն իմաստազրկվում է»:
Դը Վաալը հոդվածի վերջում նշում է, որ բախումները փոքր-ինչ հանդարտվել են հավանաբար այն պատճառով, որ մարդկային կորուստները ուշքի են բերել երկու կողմերին:
Անդրադառնալով Սոչում նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձին հանդիպումներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փորձագետը գրում է. - «Պուտինն, անշուշտ, այդ հանդիպմանն իր սեփական օրակարգը կունենա, որը կարող է ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ղարաբաղին վերաբերել: Առանց առավել էական խաղաղ գործընթացի, որը կարող է ներգրավվել երկու կողմին էլ, բռնության ալիքը կարող է կրկնվել»: