Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն չի ստացել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նամակը: Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կովկասի մահմեդականների վարչության լրատվական ծառայությունը:
Վարչության փոխանցմամբ՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նամակի մասին տեղեկացել է զանգվածային լրատվամիջոցներից և պաշտոնապես այդպիսի նամակ չի ստացել:
Գործակալությանը հայտնել են, որ եթե վարչությունը նման նամակ ստանա, ապա Ալլահշուքյուր Փաշա Զադեն կհայտնի իր տեսակետը:
Երեկ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը նամակ է հղել Ադրբեջանի հոգևոր առաջնորդին՝ կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի այդ երկրի իշխանությունների կողմից չվտանգվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: