Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ծանոթացել է Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնողական աշխատանքներին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտնել է, որ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա վերահսկողության ներքո և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն օգոստոսի վերջին։
Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են այս տարվա պետբյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով՝ 1 միլիարդ 180 միլիոն դրամ (մոտ 2․9 միլիոն դոլար) ընդհանուր արժեքով:
Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 16-ին։
Մինչ շինարարության ավարտը, Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղի է ծառայում Ծովագյուղ - Սեմյոնովկա ճանապարհը: