Մանվել Եղիազարյան. «Ուզում ենք պիտանի լինել մեր հայրենիքին»

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 5-ը օգոստոսի, 2014թ.

Ղարաբաղյան պատերազմին մասնակցած հրամանատարները հինգ ժամ շարունակ քննարկել են սահմանին առկա լարված վիճակը։

«Նայելով ներկա վիճակին, մենք հասկանում ենք մի բան՝ Հայաստանը հերթական անգամ կանգնում է մեծ փորձությունների առաջ, և մենք պարտավոր ենք հավաքվել իրար գլխի, որպեսզի կարողանանք պատեհ ժամանակ, եթե մեր կարիքը զգացվի, փորձենք պիտանի լինել մեր հայրենիքին», - երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

Երեքշաբթի օրը Ղարաբաղյան պատերազմին մասնակցած հրամանատարները հինգ ժամ շարունակ քննարկել են վերջին շաբաթների ընթացքում սահմանին առկա լարված իրավիճակը։

«Թվով մոտ 30 - 35 հոգի էինք և մտածում էինք, որ Աստված մի արասցե, եթե հայրենիքը փորձության գնա, ո՞նց ենք անելու, ո՞նց ենք օգնելու, որտե՞ղ ենք լինելու, ի՞նչ ենք անելու, որպեսզի մեր երկիրն այս ծանր վիճակից անփորձանք դուրս գա։ Մենք միավորվում ենք տղաներով, բոլորս ուզում ենք պիտանի լինել մեր հայրենիքին։ Այ այդպիսի հարցերի շուրջ էինք զրուցում առայժմ, հետո կյանքը ցույց կտա», - ասաց Եղիազարյանը։

Հարցին, թե բավարար ուժեր կա՞ն Հայաստանի սահմանների անառիկությունը պահպանելու համար, «Արաբո» ջոկատի հրամանատարը պատասխանեց․ - «Գիտեք, ես մի բան հասկացա, երբ տղաների հետ խոսում էի ու նայում էի նրանց աչքերին, ես հասկանում էի մի բան՝ այս իրավիճակի համար մենք իրավունք չունենք հայրենիքից նեղանալու, այլ ընդհակառակը՝ հայրենիքը իրավունք ունի մեզանից նեղանալու, քանզի մենք հայրենիքին տեր չկանգնեցինք, որպեսզի մեր հայրենիքն այս վիճակի մեջ չընկնի։ Ես հասկացա, որ տղաները նորից ու նորից սիրում են իրենց հայրենիքը, իրենք կարող են ամեն ինչ անել, պատրաստ են ամեն ինչ անել, միայն չվտանգվի մեր հայրենիքը»։

Ըստ հրամանատարի՝ ներկայիս իրավիճակի համար մեղավորը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։

«Օգտվելով այդպիսի ծանր վիճակից՝ համաշխարհային քաղաքական ծանր վիճակից, երբ խառն է գերտերությունների գլուխը, նա ընդամենը այսպիսի դեպքեր հրահրելով ուզում է պահել իր աթոռը՝ առանց հաշվի առնելու, որ իր զորքը, իր զինվորը պատրաստ չէ պատերազմելու, և հրահրում է դեպքեր, որպեսզի լարված պահի Ադրբեջանը, որպեսզի ընդդիմադիր ուժերն իրեն գահընկեց չանեն կամ ծանր դրության մեջ իրեն չդնեն», - հայտարարեց Եղիազարյանը։

«Արաբո» ջոկատի հրամանատարի խոսքով՝ դեռ մարտական լայնածավալ գործողություններ չկան ու բանակը կարողանում է իր առջև դրած խնդիրները լուծել, բայց «Աստված մի արասցե, եթե պատերազմը սկսվեց, դա լինելու է համայն հայության պատերազմը»։

«Հայ տղամարդը և՛ Առաջին աշխարհամարտում է կռվել, Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան պատերազմում հայ տղամարդը միշտ էլ կարողացել է իրեն դրսևորել, ցույց տալ որպես իսկական զինվոր, ազնիվ զինվոր։ Էդ անունը մենք պարտավոր ենք պահելու, որովհետև անունից է կախված հետագա մեր պետության, մեր ժողովրդի պատկերի ամբողջ ձևավորումն աշխարհում», - ասաց Եղիազարյանը։