Թուրքիայի փոխվարչապետը ծաղրի առարկա է դարձել՝ կանանց «մի՛ ծիծաղեք» ասելու համար

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հերթական պետական պաշտոնյան է, որ հիմարություններ է դուրս տվել:

Այս բարձրաստիճան պաշտոնյան անցյալ շաբաթ մի ելույթում թուրք կանանց քարոզել է բարոյականության իր այլասերված տարբերակը` կոչ անելով նրանց չծիծաղել հանրության առջև... Առընչը զգուշացրել է. - «Կինը պետք է իմանա, թե ինչն է հարամ [արգելված] և ինչը՝ ոչ հարամ: Նա բարձր ձայնով չի ծիծաղի հանրության առջև: Կինն իրեն զուսպ կպահի, ուշադրություն չի գրավի և կպահպանի իր ողջախոհությունը»:

«Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիր Առընչը շարունակել է իր մոլեռանդ քարոզները. - «Ո՞ւր են մեր աղջիկները, որոնք թեթևակի շիկնում են, կախում իրենց գլուխները և թեքում հայացքները, երբ մենք նայում ենք նրանց դեմքին՝ դառնալով ողջախոհության խորհրդանիշ»: Նա ծաղրել է կանանց` բջջային հեռախոսով կերակուր եփելու և այլ «դատարկ բաների» մասին շաղակրատելու համար: Նմանակելով կանացի ձայնին` նա ծվծվացել է. - «Ի՞նչ է պատահել Այշայի դստերը: Ե՞րբ է հարսանիքը»: Առընչը կանանց խորհուրդ է տվել նման անկարևոր հարցերի շուրջ խոսել «դեմառդեմ», այլ ոչ թե հեռախոսով…

Փոխվարչապետի նվաստացուցիչ ելույթը տարածվել է կայծակնային արագությամբ: Ի հեճուկս նրան՝ տասնյակ հազարավոր թուրք կանայք սոցիալական ցանցերում (Թվիթեր, Ֆեյսբուք և Ինսթագրամ) տեղադրել են իրենց քրքջացող դեմքերով «սելֆիները»: Իրենց ծիծաղը դադարեցնելու փոխարեն կանայք ծիծաղել են… փոխվարչապետի վրա:

Առընչի արտառոց արտահայտություններին արձագանքել են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում` Hurriyet-ը, The Guardian-ը, ABC News-ը, The Daily Star-ը, National Post-ը, Washington Post-ը, Time հանդեսը, Newsweek-ը, The Australian-ը և հարյուրավոր թերթեր, հանդեսներ, ռադիո- ու հեռուստակայաններ, բլոգներ ու կայքեր: Մի խոսքով, Թուրքիայի փոխվարչապետը ծաղրուծանակի առարկա է դարձել ամբողջ աշխարհում...

Հաջորդ օրը, կանանց վարկաբեկող իր ելույթի համար ներողություն խնդրելու փոխարեն, Առընչը է՛լ ավելի է վատթարացրել իրավիճակը, պնդելով, որ իր խոսքերի տերն է, և հարձակվել է քննադատների վրա: Նա զարմացել է, թե ինչու են բոլորը ուշադրությունը կենտրոնացրել իր մեկուկես ժամանոց ելույթի միայն այդ փոքր հատվածի վրա: Այնուհետև նա սկսել է ծաղրել հայտնի կանանց. - «Կան դերասանուհիներ, որոնք կեղծ ծիծաղում են և իրենց լուսանկարները ուղարկում ինձ: Իսկական ծիծաղը թեթևացնում է մարդուն, սակայն նրանց ծիծաղը շինծու է: Դուք բոլորդ էլ ունեցել եք ձեր աստեղային ժամը, սակայն այժմ, երբ այն անցել է, փորձում եք ուշադրություն գրավել ալկոհոլի և նման կեղծ քրքիջների միջոցով: Թեև լինելով ամուսնացած և երեխաների տեր` կանայք արձակուրդն անցկացնում են այլ տղամարդկանց հետ՝ լքելով ամուսիններին, և երբեք առիթը բաց չեն թողնում մերկ պարելու»:

Սա առաջին դեպքը չէ, երբ թուրք պաշտոնյաներն աչքի են ընկնում նման հիմար հայտարարություններով: Նախկինում Առընչն հայտարարել էր, որ բռնաբարության զոհը երևի թե «ցանկացել է այն»: Նա նաև ասել է, որ ընդունելի է, երբ ծնողները հավանություն են տալիս, որպեսզի իրենց 15-ամյա դուստրն ամուսնանա 45-ամյա տղամարդու հետ: Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, դատապարտելով արհեստական վիժումները, անամոթաբար հայտարարել է. - «Ինչո՞ւ պետք է երեխան մահանա, եթե նրա մորը բռնաբարել են: Նրա փոխարեն պետք է մայրը մեռնի»: Իսկ Անտառային տնտեսության նախարարն ասել է աշխատանք փնտրող կանանց. - «Մի՞թե տնային աշխատանքը բավարար չէ ձեզ համար»: Եվրամիության հարցերով Թուրքիայի նախկին նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Էգեմեն Բաղիշը, որը հաճախ անհեթեթ հայտարարություններ է անում, ասել է. - «Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, չի կարող համարվել ցեղասպանություն, որքան ինձ հայտնի է, սակայն ես այնտեղ չեմ եղել 1915-ին»:

Կանանց քրքիջի համար անհանգստանալու փոխարեն, փոխվարչապետ Առընչը և վարչապետ Էրդողանը պետք է ավելի մտահոգվեն իրենց կառավարության գահավիժմամբ դեպի բռնապետական կառավարում՝ լրագրողներին բանտարկելու, քրիստոնյա քահանաներին սպանելու, փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու, ջիհադականներին Սիրիայում և Իրաքում աջակցելու, ինչպես նաև կոռուպցիայով, թալանով ու դրամաշորթությամբ զբաղված լինելու պատճառով: Սա է իսկական անբարոյականությունը, որն Առընչը պետք է դատապարտի:

Պահպանողական թուրք պաշտոնատարը, կանանց համար տոտալիտար բարոյականություն քարոզելով, խրախուսում է իսլամիստ ընտրողներին աջակցել վարչապետ Էրդողանին, որն իր թեկնածությունն է առաջադրել օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Առընչի քարեդարյա ռազմավարությունը հակառակ արդյունքը տվեց, քանզի Թուրքիայի խիստ պառակտված հասարակության գրեթե կեսն իրեն չի համարում իսլամիստ և վիրավորված է նրա արտահայտություններից: Նախագահական ընտրություններում Էրդողանի հակառակորդ Էքմելեդին Իհսանօղլուն խիստ քննադատել է Առընչի հայտարարությունը, ասելով․ - «Ամենից շատ մեր երկրին անհրաժեշտ է, որ կանայք ժպտան և լսվի նրանց ծիծաղի ձայնը ...»:

Էրդողանի կառավարությունն արագ թափով իշխանության գալուց հետո դաժան քաղաքականություն է վարել երկրի ներսում և դրսում՝ առաջ բերելով Թուրքիայի միջազգային դատապարտումը: Որպես հաջորդ հավանական նախագահ, Էրդողանը և նրա շրջապատը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն վարկաբեկել Թուրքիայի միջազգային հեղինակությունը՝ այն վերածելով խայտառակված պետության: Նախագահական ընտրություններից հետո, Թուրքիայի իսլամիստ կանայք միայն թաքուն կծիծաղեն, իսկ աշխարհիկ կանայք հանրության առջև ծիծաղելով մտրակի 100 հարված ստանալու վտանգին կենթարկեն իրենց...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի