Թուրքիայի նախագահի թեկնածուի նախընտրական երգը՝ նաև հայերեն

Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահետտին Դեմիրթաշ, արխիվ

Եռալեզու քարոզչությունը, սակայն, քրդամետ կուսակցության թեկնածու Սելահետտին Դեմիրթաշին առայժմ չի օգնում:

Հայերենը` որպես քարոզարշավի լեզու: Թուրքական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ թեկնածուներից մեկը չի խուսափում երկրի ազգությամբ հայ ընտրողների քվեները ստանալու համար նրանց հետ հայերեն խոսել, ավելի ճիշտ՝ երգել:

Օգոստոսի 10-ի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահետտին Դեմիրթաշի շտաբը նոր նախընտրական երգ թողարկեց միանգամից երեք լեզուներով` թուրքերեն, քրդերեն և հայերեն:

Եռալեզու քարոզչությունը, սակայն, Դեմիրթաշին առայժմ չի օգնում: Վերջին սոցհարցումների համաձայն՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավարը առաջադրված երեք թեկնածուների թվում իր վարկանիշով վերջինն է: Հուլիսի 29-ին Konda հետազոտական կենտրոնի հրապարակած հարցման արդյունքների համաձայն՝ Դեմիրթաշը կարող է հավակնել քվեների 7․5 տոկոսին: Sonar կենտրոնի պատվերով անցկացված հարցման համաձայն էլ՝ Դեմիրթաշի վարկանիշը մոտ 8 տոկոս է:

Նույն հարցումների համաձայն, ընտրարշավի միանձնյա առաջատարը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն է` գործող վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Արդեն հիշատակված հետազոտությունների համաձայն՝ Էրդողանի վարկանիշը 53-55 տոկոսի միջակայքում է, ինչը նշանակում է, որ Թուրքիայի վարչապետը կարող է հաջողության հասնել արդեն առաջին փուլում:

Միասնական ընդդիմության թեկնածուն` Էքմելեդդին Իհսանօղլուն քարոզարշավի ընթացքում կարողացել է աջակիցների բավական պատկառելի թիվ գրավել իր կողմը, ինչը, սակայն, հազիվ թե բավարար լինի գործը ընտրությունների երկրորդ փուլին հասցնելու համար: Վերջին շրջանում հրապարակված բոլոր հարցումների համաձայն, Իհսանօղլուի վարկանիշը կայուն է` 38 տոկոս: Թուրք սոցիոլոգների պնդմամբ, ընդդիմության թեկնածուի վարկանիշը շաբաթներ շարունակ անփոփոխ է` այն ոչ նվազում է, ոչ էլ աճի որևէ միտում է ցուցաբերում:

Թուրքական մամուլում, ի դեպ, տեսակետներ են հնչում, որ Էրդողանի բարձր վարկանիշի պատճառը ոչ միայն այն լայն ժողովրդականությունն է, որ նա վայելում է երկրի ազգաբնակչության զգալի մասի մոտ, այլև լրջագույն ֆինանսական միջոցները, որ ներդրվել են Էրդողանի քարոզարշավի կազմակերպման համար:

Օգոստոսի 1-ի տվյալներով, Էրդողանի նախընտրական հիմնադրամը կազմում էր 24 միլիոն թուրքական լիրա` ավելի քան 11 միլիոն ամերիկյան դոլար: Համեմատության համար` Իհսանօղլուի նախընտրական հիմնադրամը 2 միլիոն թուրքական լիրա է կազմում, իսկ Դեմիրթաշինը՝ ընդամենը 750 հազար լիրա կամ 300 հազար դոլարից քիչ ավելի: