Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին բռնության միջադեպերի բազմապատկման կապակցությամբ, որոնց հետևանքով վերջին օրերին մարդիկ են զոհվել: Այդ մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության երեկ հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով: Ֆրանսիան կոչ է անում բոլոր կողմերին հարգել հրադադարը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման և նոր միջադեպերից խուսափելու նպատակով», - հայտարարում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: