Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատողները կրկին գործադուլ են սկսել

Your browser doesn’t support HTML5

Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատողները կրկին գործադուլ են սկսել՝ այս անգամ սպառնալով աշխատանքի չանցնել մինչև ղեկավարությունը վճարի իրենց 5-7 ամսվա աշխատավարձերը։

Մի քանի տասնյակ աշխատողներ այսօր վաղ առավոտյան հավաքվել էին մուտքի մոտ՝ փորձելով գործարանի շուրջ 200 աշխատողների խոսքը հասցնել ղեկավարությանը։

«Վերջին անգամ մարտի ամսվա աշխատավարձը հունիսին ենք ստացել, հինգ ամսվա փող են պարտք, բայց մարդիկ կան, որ 7-8 ամիս փող չեն ստանում»։

Գործարանում տասնամյակների աշխատանքային փորձ ունեցողները պնդում են, թե այլևս չեն կարող ապրել առանց աշխատավարձի՝ տարբեր խանութներում պարտքեր են կուտակել, բանկերում վարկեր ունեն։

«Երեկ ասել են մի շաբաթ էլ համբերեք, բայց իրենց 2 օրը դառնում է 10 օր, տասը օրը դառնում է 15 օրը, ամիսներով ձգձգում են»։

«Անցած տարի էլ էր էս նույն պատմությունը։ Արդեն չորրորդ տարին է, վատ են տալիս աշխատավարձերը»։

Գործադուլ սկսած աշխատողներից ոմանք էլ նշում են՝ եթե ղեկավարությունը ի վիճակի չէ աշխատավարձ վճարել, կարող է ազատել աշխատողներին, այլ ոչ թե կանչել աշխատանքի, աշխատացնել ու դատարկ գրպանով տուն ճանապարհել։ Ասում են, թե անցած աշնանից գործարանը ցեմենտ չին արտադրում՝ պահեստում մեծ քանակությամբ ցեմենտ կար։ Գործարարը հիմա ևս ցեմենտ չի արտադրում աշխատողների համար անհայտ պատճառներով։ Աշխատողներն էլ զբաղված են գործարանի նորոգման աշխատանքներով։

Նրանց վերջին գործադուլը երկու ամիս առաջ էր, բողոքի այդ ակցիայից հետո ղեկավարությունը ընդամենը մեկ ամսվա աշխատավարձ էր վճարել։ «Միկա ցեմենտ» գործարանի կառավարիչ Արթուր Մուրադովն այն ժամանակ ևս խոստումներ էր տվել։

Հրազդանի ցեմենտի գործարանը մինչև վերջերս պատկանում էր գործարար Միխայել Բաղդասարովի «Միկա լիմիտեդ» ընկերությանը։ Պարտքերի պատճառով գործարանն արդեն կես տարի է անցել է ՎՏԲ բանկին։ Այժմ այն կառավարում է բանկի սեփականատերը։ Ռուսական այս բանկը հայտնվել է Արևմուտքի կողմից Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցանկում։ Այս հանգամանքը ավելի է մեծացնում գործադուլավորների թերահավատությունը։

Անցած գործադուլի ժամանակ «Միկա ցեմենտ» գործարանի կառավարիչ Արթուր Մուրադովը «Ազատության» հետ զրույցում հաստատել էր ՎՏԲ բանկին անցնելու մասին տեղեկությունը և ավելացրել, որ պատրաստվում են այն վաճառել ու միայն վաճառքից հետո կփակեն պարտքերը։

Բանկի ներկայացուցիչներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, այսօր «Ազատությանը» ասաց, որ գեներալներից մեկն է ուզում գնել գործարանը, բանակցություններ են տարվում, բայց գնման գործընթացը ձգձգվում է։ Եթե բանակցություններն արդյունք չտան, ապա բանկը կմտածի կամ այլ գնորդների մասին կամ էլ կսկսի ներդրումների գործընթացը։ Այժմ, սակայն, քանի դեռ բանակցություններն ավարտված չեն, բանկը գումար չի ուզում ծախսել գործարանի վրա։

Այս թնջուկի արդյունքում, սակայն, տուժում են գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Հրազդանում աշխատանք գտած այս մարդիկ։ Նրանք այլևս հույս չեն կապում ղեկավարության խոստումների հետ։ Այսօր ևս իրենց թերահավատությունը հայտնեցին գործարանի փոխտնօրեն Նաիրա Մարտիրոսյանին։

Մարտիրոսյանը ևս աշխատավարձ չի ստացել։ Նա բողոքող աշխատողներին խորհուրդ տվեց բանկից վարկ վերցնել մինչև աշխատավարձ կստանան։

«Ես էլ հունվարից չեմ ստացել աշխատավարձ։ Ինչ ունենք, յոլա ենք գնում, ապրում ենք, էլի, հիմա ինչ անենք։ Բանկից վարկ եմ վերցրել»,- ասաց Մարտիրոսյանը։

Փոխտնօրենը առանց փակագծեր բացելու ասաց, թե ՎՏԲ-ն ելքեր է որոնում հարցը լուծելու համար.- «Հիմա բանկը միջոցներ է ձեռնարկում, որ աշխատացնի գործարանը, որովհետև մենք չենք աշխատում, էս տարի չենք էլ աշխատել։ Արտադրություն չունենք, բայց ժողովուրդը աշխատանքի մեջ է եղել։ Մենք չենք ուզեցել նրանց պարապուրդ ուղարկել, անընդհատ աշխատավարձի մեջ են եղել, աշխատավարձն էլ հաշվարկվել է։ Երեկվա տեղեկությամբ՝ մեզ ասացին, որ էս շաբաթվա ընթացքում լուծում կտան՝ աշխատավարձ կտան և գործարանի աշխատելու հարցը կլուծվի»։

Գործադուլավորները, սակայն, ասացին, որ չեն հավատում խոստումներին ու շարունակելու են բողոքի ակցիան, և եթե առաջիկայում ևս աշխատավարձ չստանան, կդիմեն բողոքի այլ ակցիաների։