Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:
ԼՂ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդակցության համաձայն, խորհրդակցության ընթացքում ներկայացվել են զեկույցներ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների, ԼՂ տարածք դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի առնչությամբ:
«Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի հրամանատարության և անձնակազմի գործունեությունը՝ ուղղված հակառակորդի առաջխաղացման փորձերը արդյունավետորեն կասեցնելուն, որի հետևանքով վերջինս, կրելով մեծ կորուստներ, նահանջեց ելման դիրքերը: Բակո Սահակյանի գնահատմամբ՝ Պաշտպանության բանակի գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին և հայրենասիրությունը», - ասված է հաղորդագրությունում, - «Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել առաջին գիծ մեկնած Արցախյան ազատամարտի վետերաններին՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ Արցախի ազատամարտիկների միության կատարած աշխատանքը»:
Լսելով պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի զեկույցը իրականացված գործողությունների, ներկայումս տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ՝ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել Պաշտպանության բանակի հրամկազմին: Նա ընդգծել է, որ հակառակորդի կողմից առաջնագծում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՝ միաժամանակ նշելով, որ պաշտոնական Ստեփանակերտը եղել է և շարունակում է մնալ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: