Սեյրան Օհանյանը և Ջոն Հեֆերնը քննարկել են սահմանին տիրող լարված իրադրությունը

Օգոստոսի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության և Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան տարածած համատեղ հաղորդագրության համաձայն, թե՛ Օհանյանը, թե՛ Հեֆերնը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ և դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախևառաջ Մինսկի խմբի գործընթացի միջոցով:

Դեսպան Հեֆերնն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին և կոչ արել լիցքաթափել իրավիճակը բոլոր կողմերին: