Այսօր Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը և Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Օրինաց երկիր», ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները` Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լևոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Սեյրան Օհանյանը տեղեկացրեց խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին և վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից», - փոխանցում է Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ազգային ժողովի փոխնախագահները և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, անթույլատրելի համարելով Ադրբեջանի մոտեցումը, արտահայտել են իրենց միասնական դիրքորոշումը, ինչպես նաև կարևորել հասարակության և քաղաքական բոլոր ուժերի կողմից Հայոց բանակին նեցուկ լինելու անհրաժեշտությունը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: