Սոչիում նախատեսվում են Սարգսյանի և Ալիևի առանձին հանդիպումները Պուտինի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Այս շաբաթավերջին Սոչիում նախատեսված են մեր նախագահի առանձին հանդիպումները նախ՝ Հայաստանի և հետո՝ Ադրբեջանի նախագահների հետ, և երբ նրանք բոլորը միևնույն ժամին միևնույն վայրում հայտնվեն, երևի թե անհնար կլինի շրջանցել Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը այսօր տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Բայց թե ինչպես դա կկազմակերպվի՝ կախված է մեզնից», - հավելել է նա:

Լավրովը շեշտել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը քիչ ջանքեր չի գործադրում, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կողմերն ընդունեն փաստաթուղթ, որում շարադրված լինեն հակամարտության կարգավորման քաղաքական սկզբունքները:

«Միանշանակ անհանգստացնում է այն, թե ինչ է կատարվում այսպես կոչված շփման գծում: Կողմերը միմյանց են մեղադրում սադրիչ գործողություններում, նման բաներ նախկինում էլ եղել են, և, ցավոք, արդեն երկար տարիներ է՝ մենք հետևում ենք այսպիսի պարբերական դարձած բռնկումներին, բայց այս անգամ ամեն ինչ ավելի սրված է ընդունվում և մատուցվում: Քիչ մարդիկ չեն մահացել, և մենք մյուս երկրների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կոչ ենք արել կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ գործողություններ, որոնք կարող են հերթական անգամ բռնության դրսևորման առիթ դառնալ», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: