ՊՆ․ Ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարը

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանական գերատեսչության տեղեկացմամբ, հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

«ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղյան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 893 անգամ, որից 839 անգամ` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց», - ասված է հաղորդագրությունում, - «Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց»: